«Ժառանգությունը» կարող է կոալիցիայի մաս կազմել

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մայիսի 14-ին «Ֆորում» ակումբում հայտարարեց, որ կուսակցությունը ստացել է 250 000 ձան, սակայն իրականում պաշտոնապես արձանագրվել է 80 000: Եվրոպացի դիտորդները ընտրությունները ընդհանուր առմամբ դրական են գնահատել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ հեռու ենք մրցակցությունից, ընտրությունները չէին համապատասխանում Հայաստանի չափանիշներին, մենք արժանի ենք ավելի ժողովրդավարական, քաղաքակիրթ եւ իրավական ընտրությունների. «դառնանուշ իրականության մեջ ենք: Հաղթանակը կողոպտվել է, ընտրությունները ոչ մարդավայել էին իրենց ընթացակարգով»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները ինքնուրույն չի վիճարկի, բայց ամեն կերպ, մասնավորաբար ունեցած փաստերով, կօգնի ՍԴ դիմած ուժերին: Եվ դեռ ավելին. կողջունի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ՍԴ որոշումը: Չի բացառվում, որ «Ժառանգությունը» ինքնակամ հրաժարվի իրեն բաժին հասած մանդատներից: Չնայած սրան, Րաֆֆի Հովհաննիսյանը թիմը Ազգային ժողովում աշխատելու ցանկություն ունի, որովհետեւ նախ կողմ է մասնակցայի սկզբունքին, մասնակցությամբ երկրի վարկն ու հեղինակությունը բարձրացնելուն: Եվ ապա, որ «հետագայում չունենանք որեւէ այլ ընտրություն, երբ կլինի քաղաքացու ԶԼՄ-ների, ընտրության մասնակիցների անազատություն, որ որեւէ նախագահականից հրահանգ չիջնի չլուսաբանել վտանգավոր համարվող ախոյանին, որ հաղթանակները վաստակեն սեփական արժեքների հիման վրա»:

Ոչ մարդավայել ընտրությամբ ձեւավորված ԱԺ-ում որքանով է հնարավոր մարդավայել աշխատանքը, հարցրեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին: «Հնարավոր է, եթե մասնակիցները հասկանան, որ իրենք այնտեղ հայտնվել են ոչ ճշգրիտ, ոչ հավասար, ոչ հայավայել եւ ոչ ժողովրդավարական չափանիշների համապատասխան: Ես կարծում եմ, որ այնտեղ կան բազմաթիվ հարգելի հայրենակիցներ, համաքաղաքացիներ, գործիչներ, թե փորձառու, թե նորահայտ, ովքեր հոգու խորքում գիտակցում են, թե ինչ է կատարվել Հայաստանում: Եվ ես վստահ եմ, որ որպես սահմանափակ կյանք ապրող մարդ էակներ, յուրաքանչյուրս իր երեկվա օրվանից դասեր է քաղում, եթե ինքը գիտակից է, եթե լայնախոհ է, ընդունում է երեկվա սխալականությունը եւ փորձում է ուղղել այն: Այս տարվա հիմնական մարտակոչը` ուղղվելու մարտակոչ է: Մենք պիտի հասցնենք ուղղվել մինչեւ հաջորդ ընտրություններ», պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգությունը» պատրաստ է անգամ իշխանության մաս կազմելու առաջարկը քննարկել, եթե տեսնի, որ հարցը դրված է համերաշխության եւ համագործակցության հարթությունում եւ ոչ կուսակցական, հատվածական շահերի: