Թեկնածուն անժամկետ հացադուլ է սկսել ԿԸՀ դիմաց

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, խորհրդարանի 2007 թվականի ընտրության թիվ 11 ընտրատարածքի պատգամավորության մեծամասնական թեկնածու Իսրայել Հակոբքյոխյանը մայիսի 16-ի ժամը 14-ից անժամկետ հացադուլ է սկսկել ԿԸՀ շենքի դիմաց: Բռնցքամարտիկը պահանջում է արդարություն: Նա ընտրությանը մրցակցում էր ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եւ Բելաջիո ռեստորանի սեփականատեր, «Գործարար» պատգամավորական խմբի ղեկավար, ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ ունեցող Գրիգոր Մարգարյանի հետ: Այդ ընտրատարածքում հաղթել է Գրիգոր Մարգարյանը, ինչպես բռնցքամարտիկն է ասում` անարդար միջոցներով: Հակոբքյոխյանը նշում է, որ ռինգում պայքարում են մեկը մեկի դեմ, իսկ ընտրատարածքում իր դեմ են դուրս եկել 10-11 մարդ, ընդ որում` զինված: «Եթե այդպես շարունակվի, ապա շուտով դրանք կմտնեն մարդկանց տները եւ կասեն, թե ինչպես պետք է վարվել կնոջ եւ երեխաների հետ», ասում է բռնցքամարտիկը: