ԵԱՀԿ եւ Ինտերնյւսը Ջավախքում երկու հայալեզու հեռուստաընկերություն են հիմնել

ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով բարձրագույն կոմիսարը Թբիլիսի Ինտերնյուսի հետ համատեղ 2003 թ. սկսեց իրականացնել Ջավախքում երկու հայալեզու հեռուստաընկերություն ստեղծելու ծրագիր` Նինոծմինդայի Փարվանա Հեռուստաընկերությունը եւ Ախալքալաքի ATV 12: Ծրագրի նպատակը Ջավախքում իրազեկության մակարդակը բարձրացնելն է: Բանն այն է, որ Ջավախքում բնակչության 95 տոկոսը վրացերենին չի տիրապետում, եւ հիմնական լրատվության աղբյուրը ռուսական եւ հայկական ալիքներն են, ինչի արդյունքում տեղի բնակչությունը արտերկրի մասին ավելի լավ է տեղակացված, քան երկրում եւ հենց իրենց շրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

2003 թ. սեպտեմբերից սկսել են վերահեռարձակվել վրացալեզու լուրերի թողարկումները, որոնք թարգմանվում են հայերեն, ինչը ծրագրի գլխավոր կետերից է: «Այսօր արդեն ունենք երեք լրատվական հաղորդում, եւ հեռարձակում ենք օրվա մեջ 6 ժամ: Մյուս տարի նախատեսել ենք ժամերը հասցնել մինչեւ 12 ժամի եւ հեռարձակել նաեւ Ծալկայի շրջանում», ասում է Փարվանայի տնօրեն Կոստյա Վարդանյանը:

Ըստ Թբիլիսիի Ինտերնյուսի տնօրեն Գենադի Ուչումբեգաշվիլիի, 2003 թ. ATV-12 եւ Փարվանան ունեին մեկական սիրողական տեսախցիկ եւ մեկ տեսաձայնագրիչ: Սակայն 2004 թ. հեռուստաստուդիաները համալրվել են երեք պրոֆեսիոնալ թվային տեսախցիկներով եւ երեք խմբագրման թվային սարքավորումներով: Բացի այդ, հեռուստաստուդիաների լրագրողները վերապատրաստվել են օտարերկրյա մասնագետների, այդ թվում BBC մասնագետների մոտ: