ԱՄՆ ՀԴԲ հատուկ գործակալները կիբերհանցագործության մասին դասընթաց են վարում

Երեւանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, Մայիսի 14-18-ը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) երեք հատուկ գործակալներ Երևանում ՀՀ ոստիկանական ակադեմիայում վարելու են կիբերհանցագործության մասին դասընթաց ՀՀ իրավապահների համար: Դասընթացին մասնակցում են Ազգային անվտանգության ծառայության 8, ՀՀ ոստիկանության 5 ու Փորձաքննությունների ազգային բյուրոյի 4 աշխատակիցներ:

Կիբերհանցագործության մասին դասընթացը պատրաստվել է համակարգչային փորձագետների կողմից` նպատակ ունենալով իրավապահ կառույցների աշխատակիցներին ներկայացնել համակարգչային տարածված հանցագործություններն ու հետաքննման մեթոդները: Դասընթացի մասնակիցներին կներկայացվեն, թե համակարգիչների կիրառմամբ ինչեր կարող են անել հանցագործները, ինչ վնաս են տալիս հակերները ցանցերին ու թե ինչպես կարելի է հայտնաբերել հանցագործների թողած հետքերն ու ձեռք բերել ապացույցներ:

Դասընթացը ֆինանսավորում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակը: Դասընթացի ավարտին մասնակիցներին ավարտական վկայականներ հանձնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:

Այս դասընթացը Հայաստանի Հանրապետության իրավապահ ոլորտին ցուցաբերվող համակողմանի աջակցության ծրագրերի մի մասն է միայն: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով ֆինանսավորել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի, Քանաքեռի ոստիկանության ուսումնական կենտրոնի, Երևանի սահմանապահ ուժերի ուսումնական կենտրոնի ու Վանաձորի մաքսատան վերանորոգման աշխատանքները: Դեսպանությունը համակարգչային սարքավորումներ է նվիրաբերել այս բոլոր հաստատություններին, ինչպես նաև Ոստիկանական ակադեմիային, որտեղ անցկացվում է կիբերհանցագործության մասին այս դասընթացը:
ԱՄՆ դեսպանությունը նաև աշխատում է ՀՀ կառավարության հետ սահմանների տեղեկատվական կառավարման համակարգի ու ՀՀ ոստիկանության հանրապետական համակարգչային ցանցի ներդրման ուղղությամբ: ԱՄՆ կառավարությունն այս իրավապահ կառույցներին տարեկան շուրջ 3 միլիոն դոլար աջակցություն է ցուցաբերում:

Ամերիկացիները վստահում են ընտրական գործընթացին
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին լրագրողներին ասել է, թե ԱՄՆ Պետդեպարտամենտը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ողջունում են երկրում անցկացված ընտրությունը: Նրա խոսքով, Հայաստանում նկատվել է ընտրական գործընթացի բարելավում: Ամերիկացի դիվանագետն ասել է նաեւ, թե ինքը ողջունում է նախագահ Քոչարյանի այն հայտարարությունը, թե իրավասու մարմինները պետք է ակտիվ ուսումնասիրեն հնչած մեղադրանքները: «Ոչ մի ընտրություն աշխարհում իդեալական չէ, այդ թվում եւ ԱՄՆ-ում, սակայն Ամերիկայում բարձր է վստահությունը, որ խախտումների դեպքում մեղավորները կպատժվեն», ասել է Գոդֆրին: