ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատախազությունը պարզաբանել է Գյումրիի կրակոցները
Հայաստանի Գլխավոր դատախազությունը որոշակի պարզաբանումներ է տարածել Գյումիրում տեղի ունեցած փոխհրաձգության վերաբերյալ:
Ըստ հաղորդագրության, «2007 թվականի մայիսի 20-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում անհայտ անձանց միջեւ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով նույն քաղաքի բնակչուհի Համասփյուռ Մնացականյանը ձախ ձեռքի բազկի շրջանում ստացել է մարմնական վնասվածք: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 28 հատ պարկուճ, 2 հատ գնդակ: Նույն օրը` ժամը 20:00-ին, Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի բնակիչ Նորայր Ալոյանը (ծնված` 1979թ.)` ձախ ոտքի ազդրի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` 20.05.2007թ. ժամը 20:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ավտոկայան բանավանի 104/118 տնակի բակում հայտնաբերվել է նույն քաղաքի բնակիչ Արտյոմ Գեւորգի Ղուկասյանին պատկանող սեւ գույնի «Համմեր H-2» մակնիշի 44 ՏՏ 440 պետհամարանիշի ավտոմեքենան բազմաթիվ հրազենային վնասվածքներով: Մեքենայի զննությամբ խցիկից հայտնաբերվել եւ առգրավվել է 5.45 տրամաչափի չկրակված 1 փամփուշտ, 1 պարկուճ եւ 2 գնդակի միջուկ:
Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները եւ հանցագործություն կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ», ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
