ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանի-Հայաստան ռազմական համագործակցությունը շարունակվելու է
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնթոնի Քենթոնի մասնակցությամբ մայիսի 22-ին Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության ականազերծման կենտրոնում բացվել է անգլերեն լեզվի ուսուցման դասարան, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը: Սա հերթական միջոցառումն է ` բրիտանական խորհրդի «Հումանիտար ականազերծում» ծրագրի շրջանակներում: Նման դասարաններ արդեն կան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, Հայաստանի խաղաղապահ գումարտակում եւ բարձրագույն սպայական կուրսերում: Դասարանի բացման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հայտարարել է, որ սա Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ արդյունավետ համագործակցության վառ օրինակ է, իսկ անգլերենի ուսուցանումը հայկական զինված ուժերի բարեփոխումների գլխավոր բաղկացուցիչներից է:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնթոնի Քենթորը հայտարարել է, որ Բրիտանիայի աջակցությամբ հայ սպաները անգլերեն են սովորում ինչպես Հայաստանում, այնպես էլ` Մեծ Բրիտանիայում: Դեսպանի խոսքով, Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմական համագործակցությունը շարունակվելու է` նպաստելով մեր զինված ուժերի բարեփոխմանը եւ միջազգային առաքելություններում մեր ներկայության աճին: «Միջազգային համագործակցությունը կարեւոր է մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից», հայտարարել է դեսպանը:
