ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ ԱԺ մայիսի 12-ի նախընտրական շրջանում եւ քվեարկության օրը Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքներում եւ գյուղերում դիտորդական առաքելություն իրականացրած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ունի կեղծիքների եւ խախտումների վերաբերյալ այնքան փաստեր, որ հայտարարում է. «2007 թվականի մայիսի 12-ին կայացած ԱԺ ընտրությունները չէին հապատասխանում ժողովրդավարության չափանիշներին եւ ընթացել են ՀՀ ընտրական օրենսգրքի եւ ԿԸՀ որոշումների այնպիսի խախտումներով, որոնք էական ազդեցություն են թողել քվեարկության ընթացքի եւ ընտրությունների արդյունքների վրա»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին ղեկավար Արթուր Սաքունցի մայիսի 23-ին «Փաստարկ» ակումբում հայտարարեց նաեւ, որ միջազգային դիտորդները ընտրությունների գնահատականը, թե ընտրությունների կազմակերպման հարցում առաջընթաց կա քաղաքական հարթությունում պետք է դիտել: «Միջազգային բոլոր դիտորդները քաղաքական կառույցներից էին եւ հետեւաբար նրանց գնահատականները կարող են տրվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Իսկ մենք իրավապաշտպան կազմակերպություն ենք: Մի գաղտնիք բացեմ առանց անուններ տալու: Մայիսի 19-ին երբ դիտորդները քննարկելիս են եղել եզրակացությունը, միայն ԱՊՀ երկու դիտորդ եւ մեկ շվեդ են ասել որ ամեն ինչ նորմալ է, մյուսները ասել են, որ ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին: Սրան հետեւած գնահատականը խոսում է քաղաքական գործոնի մասին», պարզաբանեց Արթուր Սաքունցը:
Բանախոսի կարծիքով, ընտրություններին հետ կապ եւ քաղաքական ենթատեսքտ ունեն նաեւ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի, Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության անդամներ Վարդան Մալխասյանի եւ Ժիրայրն Սեֆիլյանի, քաղաքացիական անհնազանդության շարժման ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալություններն ու կալանքները: Եվ առնվազն զարմանալի է, որ Ալեքսանդր Արզումանյանի փողերի լվացման մեղադրանք առաջադրող իրավապահներից ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչ ծագում ունեն ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի տեսքով բաժանվող փողերը: ՀՔԱՎ-ի տեղեկությունների հիմնական մասը Լոռու մարզից էին, ուր, ըստ Արթուր Սաքունցի, ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ, ՄԱԿ կուսակցությունները ընտրակաշառք բաժանելու մրցություն էին սկսել եւ «ժամը 7-ից հետո շունը տիրոջը չէր ճանաչում»:
Միակ դրականը, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, որ ի տարբերություն 2003 թվականի ընտրություններին մասայական վարչական կալանքներ եւ մարդու ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներ չեն եղել: Սակայն սա չարժե առաջընթաց համարել. «մինուս 5-ից դարձել ենք մինուս 3 բայց դեռ 5-ին չենք հասել, 8 միավորով հետ ենք»:
Արթուր Սաքունցը լրագրողներին ներկայացրեց նաեւ կոնկրետ փաստեր:
Գյումրի քաղաքապետարանը ընդդիմադիր կուսակցություններին ասել է, թե գովազդային պաստառների համար առանձնացված բոլոր տեղերը արդեն տրամադրվել են հանրապետական կուսակցությանը:
Վանաձորում թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վիկտոր Դալլաքյանին ասել են, թե բոլոր ուսուցիչները կողմորոշվել են` հանրապետական են եւ դժվար թե իր հետ հանդիպման գան: Իսկ Վիկտոր Դալլաքյանի մրցակից Վահրամ Բաղդասարյանի քարոզարշավին ոչ միայն մասնակցել են, այլ` օգնել կազմակերպել միջոցառումներ:
Լոռվա մարզի թիվ 31 ընտրատարածքում ՀԺԿ-ական թեկնածու Լարիսա Փարեմուզյանին երկու երիտասարդ, մեկը` ոստիկան, սպառնացել են: Սպառնացողներից մեկը հետո տուգանվել է 200 000 դրամով:
Լոռվա մարզի 1988 թվականի երկրաշարժի գոտում գնտվող մի շարք գյուղերի կիսակառույց տների բնակիչներին սպառնացել են` եթե հանրապետականի օգտին չքվեարկեք, ձեր տները կառուցումը կդադարեցվի:
Վանաձորի «Բազում» թաղամասում պետական շենքի վրա փակցված է եղել հանրապետական կուսակցության գովազդային պաստառը:
Լոռվա մարզի մի շարք ընտրատեղամասերում` օրինակ թիվ 6 դպրոցում, սկսած վաղ առավոտից ՀՅԴ-ն ընտրակաշառք է բաժանել: Մի շարք ընտրատեղամասերում հանձնաժողովների դատական դեպարտամենտին հատկացված տեղերը տրվել են Բարգավաճ Հայաստան կուսակցությանը:
Հանրապետական կուսակցության կողմից օգտագործվել են բոլոր վարչական լծակները, հատկապես գյուղերում, ինչը անհավասար պայմաններ է ստեղծել մյուսների համար: Բարգավաճ Հայաստանը անհավասար է եղել ֆինանսական ռեսուրսների հարթությունում: Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները համատարած կուսակցականացում են իրականացրել, ինչը չի տեղավորվում ազատ հասարակություն տրամաբանության մեջ:
