ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատ արձակել նախկին նախարարին
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին իշխանությունը կալանավորել է քաղաքական նպատակներով, այսինքն դա քաղաքական հետապնդում է եւ փողերի լվացման մեղադրանքը շինծու է: Մայիսի 25-ին Պրեսինգ ակումբում այդ կարծիքն է արտահայտել Ալեքսանդր Արզումանյանի հասարակական, քաղաքական եւ քաղաքացիական պաշտպանության հարցերը քննարկող խումբը: Քննարկմանը մասնակցել են իրավապաշտպաններ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասել է, որ Ալեքսանդր Արզումանյանի կալանավորումը փաստացի աննախադեպ է, քանի որ Հայաստանում որեւէ քաղաքացի դեռեւս չի մեղադրվել տրանսֆերտ ստանալու համար: Քննարկման մասնակիցների խոսքով, Ալեքսանդր Արզումանյանին փողերի լվացման համար մեղադրելն ուղղակի ծիծաղելի է անգամ մեղադրողների համար, քանի որ այն, ինչ կատարվել է, դա ընդամենը կոնկրետ անձից ստացված տրանսֆերտ է, ինչպիսին ամեն օր ստանում են Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ:
Արզումանյանի փաստաբան Վահե Գրիգորյանն ասել է, որ իր պաշտպանյալին կալանավորել են առանց հիմնավոր ապացույցների եւ որ այդ գործը այնքան անհեթեթ ու անհիմն է, որ վստահաբար կարելի է ասել, որ այն դատական հեռանկար չունի: Այդ կարծիքին է նաեւ Դավիթ Շահնազարյանը, ով համոզված է, որ Ալեքսանդր Արզումանյանը շատ ճիշտ է անում, որ հետեւողականորեն հրաժարվում է որեւէ ցուցմունքից: Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, Ալեքսանդր Արզումանյանին ձերբակալել են ամբողջ հասարակությանը սպառնալու համար, եւ դա ուղղակի եւ մարտահրավեր է հասարակությանը: Քննարկման մասնակիցները համամիտ են դրան եւ այդ իսկ պատճառով նրանք կարեւոր են համարել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության բաղադրիչների միավորումը, որպեսզի իշխանությունը կանգ առնի եւ ամենաթողությունը ունենա վերջ: Դավիթ Շահնազարյանը առաջարկել է Ալեքսանդր Արզումանյանի հասարակական, քաղաքական եւ քաղաքացիական պաշտպանությանը տալ կազմակերպական տեսք: Քննարկման մասնակիցները որոշել են ընդունել հայտարարություն, որն ուղղում են համապատասխան պետական մարմիններին, կոչ անելով անհապաղ ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին: Հայտարարությունը ներկայացվելու է հասարակական բոլոր այն կազմակերպություններին, որոնք կցանկանան իրենց ստորագրությամբ միանալ դրան:
