Չինաստանի վերելքն ընդունելի է

Աշխարհի բնակչության 56 տոկոսը ներառող 15 երկրում իրականացվել է Գլոբալ հարցերի Չիկագոյի խորհրդի պատվիրած հերթական հարցումը, որը Հայաստանում իրականացրել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնը: Մայիսի 29-ին Կենտրոնը ներկայացրել է հարցման տվյալները: Բացման խոսքում ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ «Չինաստանը Հայաստանի կողմից կարեւորվող երկիր է եւ, ըստ որոշ փորձագիտական գնահատականների, ռազմավարական նշանակության գործընկեր: Թեպետ ոչ գծային տեմպերով զարգացող այդ երկրի շարժընթացի կանխատեսումը դժվար է, սակայն կասկածից դուրս է գոնե նրա զարգացման որակական միտումների հաշվառման անհրաժեշտությունը: Համաշխարհային կարծիքի ուսումնասիրության արդյունքում կառուցված այս վերջին զեկույցը թույլ է տալիս այդ առումով որոշ եզրահանգումներ անել»:

Փորձագետ Սյուզաննա Բարսեղյանը ներկայացրել է բազմազգ հարցախույզի արդյունքները, որոնց համաձայն` համաշխարհային հանրության մեծամասնությունն այն կարծիքին է, որ Չինաստանի տնտեսությունը մի օր կհասնի ԱՄՆ-ի տնտեսությանը: Այս հեռանկարը չի անհանգստացնում հարցախույզի մասնակիցներին եւ, նույնիսկ, ամերիկացիներին:Նման արձագանքի պատճառը Չինաստանի նկատմամբ համատարած վստահությունը չէ: Համաշխարհային հանրությունը Չինաստանին չի վստահում ԱՄՆ-ից առավել եւ նկատելիորեն առավել քիչ, քան Ճապոնիային:

Հարցմանը մասնակցած 15 երկրներից 13-ում Չինաստանի ապագա տնտեսական հեռանկարների մասին ամենատարածված պատասխանն այն էր, որ Չինաստանն, ի վերջո, պետք է հասնի ԱՄՆ-ին: Այդ կարծիքի համակիրն է ամերիկացիների 60 տոկոսը, ինչպես նաեւ այդ խնդրի շուրջ մեծապես աջակցություն է գրանցվել Պերուում (76%), Իսրայելում (75%), Ֆրանսիայում (69%), Իրանում (64%) եւ Ռուսաստանում (62%): Հարցմանը մասնակցած բոլոր երկրների միջին հաշվով 54 տոկոսն այդ կարծիքի աջակիցն է: Հետաքրքրական է, որ չինացիները որոշակիորեն կասկած են տածում իրենց երկրի տնտեսական հեռանկարի նկատմամբ: Նրանց միայն 50 տոկոսն է կարծում, որ Չինաստանի տնտեսությունը պիտի հավասարվի ԱՄՆ-ի տնտեսությանը:

Ռուսաստանում, որը կարող է Չինաստանը դիտել որպես ԱՄՆ-ին հակառակորդ եւ հակակշիռ, Չինաստանի վերելքի նկատմամբ դրական եւ բացասական կարծիքները գրեթե հավասար են: Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցած բոլոր երկրներում ամենատարածված կարծիքն այն է, որ Չինաստանի` ԱՄՆ-ին հասնելը հավասարապես դրական եւ բացասական է: Միջին հաշվով, այս կարծիքին հարում է 32 տոկոսը, իսկ նրանք, ովքեր կարծում են, թե սա ավելի շատ դրական է (29%), գերազանցում են դրա` առավել բացասական լինելու կարծիքը հարողներին (20%):