ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բողոքի նամակ Գերմանիայից
Գերմանիայում ապրող մի խումբ ՀՀ քաղաքացիներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, ՍԴ նախագահին, մարդուն իրավունքների պաշտպանին, բոլոր կուսակցություններին եւ կազմակերպություններին: Նամակում ասվում է, որ այն ուղարկվել է մայիսի 11-ին: ՀՀ այս քաղաքացիները ցանկանում են Գերմանիայում լինելով մասնակցել ՀՀ համապետական ընտրություններին: Նրանք ասում են նաեւ, որ «400-ից մինչև 600 հազար ընտրելու իրավունք ունեցող արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների ամենատարրական իրավունքը ոտնակոխ անելը` սահմանադրական ամենակոպիտ խախտումն է»:
«Մենք` գերմանաբնակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, դիմում ենք Ձեզ վերականգնելու մեր քաղաքացիական արդար իրավունքը ` մասնակցելու ՀՀ ԱԺ-ի ընտրություններին օրենքով սահմանված ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքով, որը հաստատված ու ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ` անկախ նրա բնակության վայրից:
Ըստ ՀՀ Սահմանադրության` Հայաստանի ամեն մի քաղաքացի ազատ տեղաշարժվելու, ցանկացած վայրում ու երկրում ապրելու, հանգրվանելու իրավունք ունի: Մենք գտնում ենք, որ մեզ ընտրելու իրավունքից զրկելը սահմանադրական կարգի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որը անըմբռնելի է աշխարհի բոլոր զարգացած եւ դեմոկրատական երկրների կողմից: Վստահորեն հայտնում ենք, որ մեր այս օրինական պահանջին կարձագանքեն բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, որոնք ստիպված, Ձեզ հայտնի պատճառներով ապրելով հայրենիքից դուրս, իրենց քաղաքացիական իրավունքների այսպիսի կոպիտ ոտնահարումից վիրավորված` կմիանան մեզ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացու իրավունքը վերականգնելու արդարացի պահանջով:
Մենք հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետության մեծարգո այրերը կընդառաջեն եւ հնարավորություն կտան մեզ քաղաքացիական պարտքը կատարելու պետության, հայրենիքի առջեւ: Այլապես մենք կդիմենք Եվրախորհրդին եւ Եվրադատարան` վերականգնելու մեր` ՀՀ քաղաքացիներիս կոպտորեն խախտված իրավունքները»:
