Մեծամասնության առաջ բերած խնդիրները

Կովկաս վերլուծական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը, ով մայիսի 31-ին հյուրընկալվել էր ՔՄՀԿ նախաձեռնած «Ռադիո-ռեմիքս» հաղորդաշարին, կարծում է, որ Ազգային Ժողովի ընտրությանը ձեռք բերած մեծամասնությունը Հանրապետական կուսակցությանը կանգնեցրել է բավական լուրջ խնդիրների առաջ: «Ես կարծում եմ, որ Հանրապետականների համար նույնպես ստեղծվել է պատասխանատվության խնդիր: Այս մեծամասնությունը նոր խնդիրներ է բերել: Տեսեք, իշխանական երկու կուսակցությունները, Բարգավաճ Հայաստանը եւ ՀՅԴ-ն, վերցնելով բավականին մեծ քանակի մանդատներ, հայտնվել են ինչ որ մի անհասկանալի քաղաքական կարգավիճակում: Այսինքն ունեն բավականին թվով մանդատ, բայց չունեն ոչ մի իրավունք», ասում է Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով, հետընտրական պրոցեսներին պետք է նայել նախագահի ընտրության տեսանկյունից: Փորձագետը կարծում է, որ նախագահ դառնալու հայտ ներկայացրած Սերժ Սարգսյանն ունի աջակիցների կոալիցիա ստեղծելու խնդիր` «քաղաքական մի կոալիցիա, որը պետք է նախնական համաձայնություն տա, որ Սերժ Սարգսյանին է պաշտպանելու նախագահի ընտրությունը» Նրա կարծիքով, Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ ունենալով 50 տոկոս եւ ավելի մեծամասնություն, ինքը փաստորեն կուտակել է նաեւ նույնքան հակառակորդներ ի դեմս նույնիսկ իշխանական Բարգավաճ Հայաստանի եւ ՀՅԴ-ի:

«Դրա համար էլ անհրաժեշտություն է առաջացել պահեստում կուտակված պաշտոնները բաժանել, որպեսզի բարեկամներ ձեռք բերվեն», ասում է փորձագետը: Նա ի դեպ, չնայած այդ ամենին, Ռոբերտ Քոչարյանի երրորդ առաջադրումը փաստացի չի բացառում, այդ մասին հարցին պատասխանելով` «Այս երկրում ոչ մի բան չի կարելի բացառել»: Միեւնույն ժամանակ Մանվել Սարգսյանը նկատում է, որ Ռոբերտ Քոչարյանի տեղատվության մասին տպավորությունը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ի պատասխան հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը երբ արտահայտվում է կոալիցիոն կառավարության օգտին, արդյոք ինքն էլ ունի Սերժ սարգսյանի համար քաղաքական աջակցություն ապահովելու նպատակ, Մանվել Սարգսյանն ասում է, թե կոալիցիոն կառավարման համակարգը բերում է նրան, որ նախագահն է լինում այդ ամեն ինչի տերը: «Ես կարծում եմ, հիմնական պատճառը դա է: Շատերին թվացել է Հանրապետականները մեծամասնություն վերցրին, նախագահը թուլացավ, իշխանությունը փոխվեց: Բայց տեսաք, երկու շաբաթ անց պարզվեց, թե ով որտեղ է: Եվ Հանրապետականները պետք է խնդրեն նախագահ Քոչարյանին, որ համոզի մյուս ուժերին իրենց հետ խոսել», ասում է Մանվել Սարգսյանը:

Նրա գնահատմամբ, առաջիկայում կարեւոր հարց է, թե որն է լինելու իշխանական ճամբարի եւ ընդդիմության խնդիրը: Ըստ նրա, ՀՀԿ-ն ցանկանում է նեղացնել ընդդիմության շրջանակը, շատ ընդդիմադիրների ներառելով կառավարության կազմավորման գործընթացի մեջ: Իսկ ընդդիմության անելիքը նա համարում է, ոչ թե փողոցային պայքարը, , որն անարդյունավետ է եւ այլեւս անպիտան` որպես քաղաքական պայքարի միջոց, այլ համակարգային այլընտրանք ստեղծելը: Այսինքն այլընտրանք այն համակարգին, որը որ ձեւավորել է իշխանությունը: Իսկ Սերժ սարգսյանին հաղթող ընդդիմադիր թեկնածուի առկայության մասին հարցին փորձագետը պատասխանում է, որ եթե ՀՀԿ-ն չկարողանա քաղաքական կոալիցիա ստեղծել, ապա մյուս թեկնածուները հաղթելու են ՀՀԿ թեկնածուին: