Սահմանադրական դատարանը բավարարել է դիմող կողմի միջնորդությունը

Հայաստանի Սահմանադրական դատարանում հունիսի 1-ին չորս քաղաքական միավոր` Հանրապետություն, Նոր ժամանակներ, Օրինաց երկիր կուսակցությունները եւ Իմպիչմենտ դաշինքը իրենց եւ ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների դատական պատշպանություն են փնտրում` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրությունների արդյունքները: Ընդհանուր գծերով բողոքները հետեւյալն են:

Իմպիչմենտ դաշինքը վստահ է, որ խախտվել է քարոզչության հիմնական սկզբունքը եւ վարչական ու հանրային ռեսուրսը ծառայեցվել է իշխանական կուսակցությունների, ԶԼՄ-ները անառաչ չեն եղել, Հայաստանից դուրս գտնվող 700 հազար քաղաքացի ընտրական իրավունքից զրկվել է, նրանց փոխարեն կեղծ անձնագրերով քվեարկել են այլոք, մարդկանց զանգվածաբար եւ ստիպողաբար անդամագրել են Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություններին:

Օրինաց երկիր կուսակցությունը, հենվելով 23 ընտրատարածքների մի քանի հարյուր ընտրատեղամասերի ուսումնասիրության վրա, հայտարարեց, որ շատ դեպքերում ընտրությունների արդյունքների ամփոփման նիստեր չեն արվել, ընտրացուցակները կնքված չեն եղել, հանձնաժողովների գրանցամատյանները եղել են չհրկիզվող պահարաններում, որոնք սակայն կնքված չեն եղել, ընտրատեղամասային հանձնաժողովի արձանագրության մեջ ուղղումներ են արել ընտրատարածքային հանձնաժողովները, մեկանգամյա օգտագործման պարկերը ընտրատարածքներ են բերվել բացված, դատարանները չեն ապահովել քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանություն: Միայն ՕԵԿ-ի 7 դիմումներից առաջին ատյանի դատարանները 2-ը պարզապես չեն ընդունել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ հրաժարվել է կատարել իր հիմնական պարտականությունը` վերահսկել ընտրությունները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից դժհոգ են նաեւ Նոր ժամանակներ կուսակցության ներկայացուցիչները: Նրանց կարծիքով, Հանրապետական, ՀՅԴ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները գրանցվել են կեղծ փաստաթղթերով, եւ ԿԸՀ պետք է այդ հարցով դատարան դիմեր:

Հանրապետություն կուսակցությունը կարծում է, որ հավասար պայմաններ չեն եղել, որ պատգամավորի թեկնածու է գրանցվել Սամվել Բաբայանը, այն դեպքում, երբ չկա գրանցման համար անհրաժեշտ նվազագույն 5 տարվա ՀՀ-ում բնակվելու պայմանը:

Դիմող կողմի ներկայացուցիչները ուշագրավ փաստեր հրապարակեցին: Օրինակ, հանրապետական Հովիկ Աբրահամյանի հայրենի Մխչյան գյուղի ընտրատեղամասերից մեկում արձանագրվել է ընտրողների 100 տոկոսանոց մասնակցություն, եւ հանձնաժողովն էլ հաջողել է ընտրությունների արդյունքները հաշվել, ամփոփել եւ արձանագրություն կազմել ինչ-որ 2.5 ժամում: Նման ընտրատեղամասեր էլի կան եւ ամեն տեղ էլ ձայների 90 տոկոսը բաժին է հասել հանրապետականին:

Սա դեռ ամբողջը չէ: Դիմող կողմը միջնորդել է, ՍԴ-ն էլ բավարարել է ազգային վիճակագրական ծառայությունից, միգրացիայի վարչությունից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել դրսում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին տվյալներ, ընտրական հանձնաժողովների գրանցամատյանները, այլ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունը, ըստ նրանց, հնարավոր կդարձնի էլ ավելի ակնհայտ ապացուցել, որ խախտումները էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքի վրա: