Ամերիկայի հայկական խորհուրդը Բուշին կոչ է անում ճանաչել ցեղասպանությունը

Ամերիկայի հայկական խորհուրդը հայտարարությամբ դիմել է Սպիտակ տանը, որում ողջունել է ԱՄՆ նախագահին Սուդանի ռազմական իշխանության դեմ առավել խիստ սանկցիաներ կիրառելու նախաձեռնությունը, որը պատասխանատու է Դարֆուրում հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների ջարդերի եւ միլիոնավոր մարդկանց տեղահանության համար: Միաժամանակ Ամերիկայի հայկական խորհուրդը կոչ է արել նախագահ Բուշին եւ վարչակազմին չխոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսում հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը:

«Ազատության երկրի առաջնորդի բարոյական պարտքն է կանխել ցեղասպանությունները աշխարհում: Մենք ողջունում ենք Դարֆուրի ցեղասպանության հետ կապված նախագահի գործողությունները եւ ակնկալում ենք, որ նա բավարար բարոյական ուժ կգտնի, որպեսզի նույնպիսի մոտեցում ցուցաբերի հայերի ցեղասպանության հարցում», ասվում է ԱՀԽ հայտարարության մեջ:

Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի 106 բանաձեւը նախագահին կոչ են անում արտաքին քաղաքականության մեջ համապատասխան վերաբերմունք ցուցաբերել հայերի ցեղասպանությանը առընչվող ամերիկյան փաստաթղթերում տեղ գտած մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ցեղասպանության հարցերի վերաբերյալ:

Ներկայում արդեն 195 կոնգրեսմեն եւ 30 սենատոր պաշտպանում են 106 բանաձեւը: