ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պրյախինը հրաժեշտ է տալիս Հայաստանին
Հունիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հրաժեշտի հանդիպմանը ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը ասել է, որ Հայաստանում աշխատած 44 ամիսները` շնորհիվ իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության, եղել են բեղմնավոր գործունեության ու ժողովրդավարական ինստիտուտների գրանցած հաջողությունների ժամանակ: Պրյախինը բարձր գնահատական է տվել մայիսյան խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ առաջին անգամ միջազգային տարբեր կառույցների գնահատականները համարյա համընկնում էին` արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ ընտրություններ, որ գրեթե լիովին համապատասխանում էին ժողովրդավարության ընդունված չափանիշներին: Նրա կարծիքով` խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ բարեփոխված Ընտրական օրենսգիրքը լավ իրավական հիմք է` ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար` քաղաքական կամքի առկայությամբ, և լավ նախադրյալ` նաև առաջիկա նախագահական ընտրություններում նման հաջողություն գրանցելու համար: Պարոն Պրյախինը ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում ընդդիմությունը դեռ թույլ է և երկրի քաղաքական կայունության համար կարևորեց ընդդիմության վերաբերմունքի դրսևորումը ծրագրային հարցերում` նշելով, որ ԵԱՀԿ գրասենյակը ևս այդ առումով աշխատանք ունի:
