ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բողոքի ցույց ԵԱՀԿ-ի, արտգործնախարարության եւ կառավարության դիմաց
«Ալիանս» քաղաքացիական նախաձեռնության (ՀԿ-ների միավորում), «Միտք» վերլուծական
կենտրոնի, «Հայ կամավորականների համախմբման», «Ազատագրված տարածքների
պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամներ եւ մի խումբ
ինտերնետ-ռեսուրսների ֆորումների մասնակիցներ հունիսի 7-ին, Երեւանում անցկացրել
են բողոքի երթ եւ ցույց ԵԱՀԿ գրասենյակի, արտգործնախարարության եւ կառավարության
շենքերի մոտ, որի ընթացքում ցուցարարները բողոքի հուշագրեր են հանձնել ԵԱՀԿ Մինսկի
խմբի համանախագահներին, ՀՀ արտգործնախարարին եւ ՀՀ վարչապետին: Ցուցարարները նաեւ
վարչապետին ուղղված առանձին դիմումով պահանջել են ազատ արձակել «Ազատագրված
տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր
Սէֆիլյանին եւ նրա զինակից Վարդան Մալխասյանին:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպումից
առաջ ձեր կատարած հայտարարությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:
Դրանցում արտահայտված մտքերը վերջնականապես համոզում են մեզ, որ տարիներ շարունակ
բանակցությունները ընթանում են սխալ, առնվազն հայ ժողովրդի համար բացարձակապես
անընդունելի ուղղությամբ: Մասնավորապես, հայ ժողովուրդը, երկարաժամկետ
անվտանգության նկատառումներից ելնելով, երբեք չի կարող ընդունել ձեր որեւէ
առաջարկություն, որը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղը մնացած Հայաստանի հետ պետք
է կապվի միայն մի նեղ միջանցքով: Հայ ժողովուրդը նաեւ չի կարող երբեւէ ընդունել, որ
ռազմավարական նշանակություն ունեցող նախկին Աղդամի շրջանը եւ հատկապես Արաքսի ափը՝
Ղարաբաղի հատվածում հանձնվեն Ադրբեջանին: Առավել եւս, որ բոլոր այդ շրջանները մեր
հայրենիքի անբաժան մասն են եւ չեն կարող օտարվել», ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահներին ուղղված բողոք-հուշագրում:
Վարչապետ Սերժ Սարգսյանին եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուղղված
բողոք-հուշագրում գրված է. «Հայ-ադրբեջանական շփման գծում 13 տարի խաղաղություն է
եւ խաղաղապահները երբեք չեն կարող փոխարինել անվտանգության իրական երաշխիքներին:
Լեռնային Ղարաբաղի ներկայիս սահմանները բավականին ապահով են եւ անվտանգության շատ
ավելի հուսալի ու տեւական երաշխիք են: Խաղաղապահների իրական նպատակը Ադրբեջանի կողմից
Արցախի գրավումը նախապատրաստելն է: Ո՛չ խաղապահներին: Ադրբեջանի կողմից Լեռնային
Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար որեւէ նոր հանրաքվեի անհրաժեշտություն չկա,
այն էլ՝ 15 տարի հետո: Բավարար է ճանաչել 15 տարի առաջվա իրողությունները: Հեռու
ապագայում հանրաքվեի անցկացումը բոլորովին էլ կարգավիճակի ճանաչում չէ: Առավել եւս,
որ դրա նախապայմանը տարածքների հանձնումն է, որից հետո Արցախը արդեն կարող է վաղուց
հայաթափված լինել: Ուստի, պահանջում ենք պաշտոնապես բացահայտել բանակցությունների
ընթացքում արդեն համաձայնեցված եւ դեռեւս վիճարկելի կետերի ամբողջ բովանդակությունը
եւ դադարեցնել հայ ժողովրդին մոլորեցնելու փորձերը»:
Իսկ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման վերաբերյալ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված
նամակում ասված է, որ «Արդեն 6 ամիս է, ինչ անհեթեթ մեղադրանքներով կալանավորված են
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող
Ժիրայր Սէֆիլյանը եւ նրա զինակից Վարդան Մալխասյանը: Նախաքննությունն արդեն
ավարտված է եւ բոլորի համար ակնհայտ է, որ նրանք անմեղ են: Եթե այս գործը մտնի
դատարան, ապա դա կլինի Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենաամոթալի եւ
առաջին զուտ քաղաքական (քրեական բաղկացուցիչից բոլորովին զուրկ) դատավարությունը:
Այս ամենը հատկապես մտահոգիչ է ազատագրված տարածքները հանձնելու մասին հաճախակի
դարձած խոսակցությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունների, ՀՀ
պաշտոնյաների համարժեք արձագանքի բացակայության, եւ ընդհակառակը, երկրի նարսում
հանրային կարծիքը մշակման ենթարկելու ամոթալի փորձերի համատեքստում: Իսկ եթե
իրականություն դառնան նաեւ Ժ.Սէֆիլյանի հավանական արտաքսման մասին
խոսակցությունները, ապա դա ուղղակիորեն կնշանակի, որ ՀՀ իշխանությունները
նախապատրաստվում են արդեն գործնականում տարածքյաին զիջումներ իրականացնել եւ դրանից
առաջ փորձում են վերացնել հնարավոր բոլոր խոչընդոտները:
Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակում դուք ավելի մեծ
պատասխանատվություն եք կրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների համար:
Ուստի տրամաբանական է Ձեզ ուղղել մեր հետեւյալ պահանջները` անմիջապես ազատ արձակել
Ժիրայր Սէֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին, Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի
դեմ հարուցված քրեական գործը դատարան չուղարկել եւ ապագայում եւս բացառել զուտ
քաղաքական դատավարությունների կազմակերպումը Հայաստանում, երաշխավորել, որ Ժիրայր
Սէֆիլյանի վերաբերյալ երբեւէ չի կայացվի արտաքսման որոշում, ՀՀ քաղաքացիություն
շնորհել (միջնորդել ՀՀ նախագահի առջեւ) Ժիրայր Սէֆիլյանին:
