ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Լեւոն Գուլյանի դեպքը սպանություն է»
Լեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի առթիվ միջազգային դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն հասել նրա իրավահաջորդներին: Լեւոն Գուլյանի դին մայիսի 12-ին հայտանբերվել էր ՀՀ ոստիկանության պատուհանի տակ:
«Փորձը ցույց է տվել, որ խոշտանգումների դեպքերում, եթե նախաքնության ընթացքում այն չապացուցվեց, ապա դատարանում ոչինչ չի արվում»,- այսօր Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչների եւ մի շարք հ/կ ներկայացուցիչների կազմակերպած հանրային քննարկաման ընթացքում հայտարարեց Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը: Նրա կարծիքով` հեշտությամբ հնարավոր է պարզել, թե Լեւոն Գուլյանը Ոստիկանության շենքի որ հարկից է ընկել:
«Դուք կարող եք միջնորդություն անել, որ Լեւոն Գուլյանի մահվանից մեկ օր առաջ նրա Ոստիկանությունում տված նրա ցուցմունքները կցվեն գործին: Ցուցմունքներում նշվում է, թե ով է իրեն հարցաքննել: Ինչո՞ւ դուք մինչ օրս դա չէք արել»,- Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցչին դիմեց Միքայել Դանիելյանը:
Իրավապաշտպանի կարծիքով` ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունից հետո, որտեղ նշված էր, թե Գուլյանի մարմնի վրա հետմահու վնասվածքներ չկային, Գուլյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչները պարտավոր էին մեկ օր առաջ Գուլյանի հետ հարցաքննության տարված վկաներին հրավիրել հարցաքննության` դատախազության հայտարարության դեմն առնելու համար: Միքայել Դանիելյանը ներկաներին կոչ արեց կասկածի տակ դնել ՀՀ գլխավոր դատախազության գործողությունները: Քննարկման մասնակիցներից Արսեն Խառատյանը տեղի ունեցածը գնահատեց սպանություն. «Ես ուզում եմ, որ դրա համար պատասխանատվություն կրեն: Ինչո՞ւ մինչեւ հիմա որեւէ մեկը ձերբակալված չէ: Ինձ համար համոզիչ չէ, որ սպանություն տեղի չի ունեցել»:
Քննարկաման մասնակիցներից Արտակ Կիրակոսյանը հայտարարեց, որ նա որեւէ հիմք չունի հավատալու կամ չհավատալու դատախազության տարածած հայտարարությանը. «Դատախազությունը ընդամենը ասել է, որ դատաբժշկական փորաձաքննության արդյունքները ցույց են տվել, որ ընկնելու ընթացքում եղել է հարված եւ չի պատասխանում` մինչեւ ընկնել Գուլյանը ենթարկվե՞լ է խոշտանգումների, թե՞ ոչ: Այստեղ հավատալ-չհավատալու խնդիր չկա»:
Լեւոն Գուլյանին այրին` Ջեմման հայտարարեց, որ ընդհանարապես չի հավատում ՀՀ գլխավոր դատախազության որեւէ հայտարարության, իսկ Գուլյանի քույրը` Լիլիթը, հիշեցրեց, որ իր եղբորը որպես վկա են հրավիրել Ոստիկանության եւ այսօր նրա հետմահու նույնիսկ փորձում են մեղավոր ներկայացնել:
«Ես հզոր փաստեր ունեմ, հայտարարելու համար, որ տեղի է ունեցել դաժան սպանություն»,-հայտարարեց իրավապաշտպան, Աժ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` ասելով, որ փաստն այն է, որ Լեւոն Գուլյանը որպես վկա ներկայացել է ոստիկանություն եւ այնտեղից դուրս են բերել նրա դին:
