Տարածքների բնակեցումը լուծում է

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում որոշ ժամանակ լուրջ առաջընթաց չի լինելու, թեկուզ միայն այն պատճառով, որ Հայաստանում եւ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են. «լավատեսություն արտահայտող միջնորդները այնքան էլ իրապաշտ չէին»: Կիրո Մանոյանը առաջարկում է այս ժամանակը օգտագործել, ամեն ինչ ավելի ծրագրավորված աշխատենք «կացություն ստեղծենք, այնպիսի կացություն, որ Ադրբեջանը հասկանա, որ ինչքան կարգավորումը ձգձգվի, այնքան ինքը ավելի տուժելու է»: Կիրո Մանոյանը որպես սա իրականացնելու տարբերակ առաջարկում է բանակցությունների ձեւաչափի փոփոխություն, Ղարաբաղի մասնակցություն կարգավորման բանակցություններին:

Սրան ի պատասխան Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ 10 տարի առաջ Ղարաբաղը բանակցություններին մասնակցում էր եւ Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հայտարարությունը, թե Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին` 10 տարով ուշացած է: Հրանտ Բագրատյանը հարցնում է. «ինչու ոչ ոք չի հարցնում, թե ինչու Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից»: Իսկ մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, ով ասաց, թե բանակցություններում ներկայացնում է եւ Ղարաբաղը, եւ Հայաստանը:

ՀՅԴ վստահ է, որ նախ պետք է ճշտվի Ղարաբաղի կարգավիճակը, նոր հետո` մյուս հարցերը: Ազատագրված տարածքներից էլ կարելի է զիջել Ադրբեջանին ոչ թե ըստ շրջանների, այլ ըստ Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության ապահովման: Հրանտ Բագրատյանը նկատեց, որ վերջին 10 տարում բանակցային գործընթացում մեր համար դրական փոփոխություններ չեն եղել: 1994 թվականին հայր Ալիեւը պատրաստ էր Ղարաբաղի հետ համադաշնություն կազմելու, խոսք չկար տարածքների մասին, 1997 թ. Ադրբեջանը պատրաստ էր Լաչինից հրաժարվել, Քելբաջարից միառժամանակ հրաժարվել: Այսօր Ադրբեջանը պահանջում է բոլոր տարածքները վերադարձնել, եւ կգործի Լաչինի միջանցք` միջազգային ուժերի հսկողության տակ` «մենք 10 տարի է քննարկում ենք ավելի վատ պայմաններ, քան 1997-ին էր»:

Ազատագրված տարածքների հարցի հայանպաստ լուծում ապահովելու լավագույն տարբերակը դրանք բնակեցնելն էր, որ բոլորը տեսնեն, որ այդ տարածքները մեզ համար կենսական նշանակություն ունեն, հայտարարեց Հրանտ Բագրատյանը եւ նկատեց, որ անցած 10 տարում ազատագրված տարածքների բնակչությունը նվազել է երկու անգամ: Կիրո Մանոյանը կարծում է, որ այժմ էլ կարելի է վերաբնակեցման ծրագիր իրականացնել: