Տեսախցիկներն արդարացրել են իրենց

Հայաստանի կրթության ու գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը հունիսի 14-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունը ցույց է տվել, որ իբրեւ քննակարգ, դա արդարացված է: Փոխնախարարի խոսքով, արդյունքը եղել է սպասվածից ավելին, իսկ քննադատությունն ու բողոքները քիչ:

«Որովհետեւ կազմակերպական իմաստով, մենք գրեթե տեղ չէինք թողել քննադատության», ասում է Արա Ավետիսյանը: Կազմակերպական միակ թերությունը նա համարում է այն, որ քննասենյակները նկարահանող տեսախցիկների խմբաքանակը Հայաստան է եկել ոչ ամբողջությամբ, այսինքն վերջին խմբաքանակը եկել է ուշացումով եւ մարզերում որոշ տեղեր չեն կարողացել տեղադրել տեսախցիկներ: Նա ասում է, որ եղել են մեկ երկու մանր թերություններ, որոնք հենց տեղում շտկվել են անմիջապես:

«Դա կազմակերպական մասով: Բովանդակային մասով քննադատությունը, ճիշտն ասած մի քիչ տարօրինակ համարելով հանդերձ, մենք հասկանում էինք ուրեմն երկու կողմին էլ: Ինչումն էր խնդիրը: Քննական առաջադրանքները վերջձին հաշվով կազմում են միայն մասնագետները: Նախարարությունը գնացել էր հետեւյալ հետաքրքիր քայլին: Մենք 15-20 հոգուց վերցրել ենք քննական առաջադրանքների առաջարկություններ, հետո դրանք անկանոն ձեւով խառնելով, ուրեմն, երաշխավորությունը, մասնագիտական որակը, ումից որ վերցրել ենք, եւ խառնելով, որպեսզի ոչ մեկը չհավակնի, որ իր ամբողջական օրինակն է գնացել որպես քննական առաջադրանք: Այդ դեպքում, երբ որ քննարկվում է ընդամենը երկու առաջադրանքի մասնագիտական ճիշտ կամ սխալ լինելը, եւ այն էլ երկձեւության իմաստով, ուրեմն ուրիշ բովանդակային քննադատություն չենք ունեցել», ասում է Արա Ավետիսյանը, նշելով, թե միասնական քննության առաջին փորձը ցույց տվեց, որ քննակարգի այդ ձեւն իսկապես կենսունակ է: Արա Ավետիսյանն ի դեպ հայտարարել է, որ քննությունը տեսախցիկներով, տեսաձայնագրման սարքերով նկարահանելու պրակտիկան կիրառելու են նաեւ բուհական ընդունելության քննությունների ընթացքում, գրեթե բոլոր քննասենյակներում: