Ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգ

Երեւանի մամուլի ակումբը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության, Բաց հասարակության ինստիտուտի Մարդու իրավունքի եւ կառավարման դրամաշնորհային ծրագրի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ մեկտեղ հունիսի 20-ին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգի զեկույցը, որը ներառում է մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:

Մոնիտորինգը մանրամասն անդրադարձ է հասարակական-քաղաքական այն բոլոր երեւույթներին, որոնք կազմում են ժողովրդավարական համակարգի առանցքը` հավաքների ազատություն, խոշտանգումներ եւ անմարդկային վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ` ցուցմունք կորզելու կամ ինքնախոստովանության նպատակով, կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքներ, մարդու իրավունքի պաշտպանի ինստիտուտ, ԶԼՄ ոլորտի օրենսդրություն, մամուլի եւ տեղեկատվության ազատություն, քաղաքական միավորում ստեղծելու եւ ազատ գործելու հնարավորություն, ընտրությունների ազատություն եւ հավասար մրցակցային պայմանների ապահովում, արդարացի կառավարում, դատական իշխանության արդյունավետություն, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլ ուղղություններ:

Մոնիտորինգի զեկույցի հեղինակները նշում են, որ օրինակ հավաքների ազատության առումով Հայաստանում շարունակվում են խնդիրները, «Նոր Ժամանակներ», «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցություններին 2006 թվականի ընթացքում մի քանի անգամ դահլիճներ չեն տրամադրել քաղաքացիների հետ հանդիպման համար, քաղաքացիներին ազատել են աշխատանքից ընդդիմության հավաքների կազմակերպմանը աջակցելու պատճառով:

Զեկույցը նշում է, որ Հայաստանի իշխանությունը հստակ քաղաքականություն չի վարում կրոնական խնդիրների վերաբերյալ, իսկ միջին պաշտոնյաները շատ հաճախ հանդես են գալիս կրոնական կազմակերպություններին ուղղված սպառնալիքներով:

Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգի զեկույցը փաստում է, որ լիարժեք գործելու հնարավորություն չունի նաեւ մարդու իրավունքի Պաշտպանի ինստիտուտը, որովհետեւ մարդու իրավունքի Պաշտպանի մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետը բացառում է Պաշտպանի կողմից դատական մարմինների եւ դատավորների դեմ ներկայացված բողոքների քննումը: «Այսինքն Պաշտպանը լիազորված չէ օգնել այն անձանց, ում նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով եւ Հայաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքը», նշված է զեկույցում:

Զեկույցը փաստում է, որ 2006 թվականի ընթացքում խնդրահարույց է եղել մամուլի ազատության եւ մասնավորապես հեռուստաեթերի ոլորտը, ուր առավելապես տեղ են ունեցել իշխանական կամ իշխանամետ դեմքերը եւ կազմակերպությունները: Զեկույցը փաստում է, որ Հայաստանում ապահովված չէ կուսակցությունների հավասար մրցակցության պայմանները:

Դատական համակարգի արդյունավետության տեսանկյունից , զեկույցի հեղինակները նշում են, որ դատարանները շարունակում են մնալ ոչ թե իրավունքի, այլ օրենքի պաշտպան եւ հաճախ կայացնել քաղաքական կոնյուկտուրայից բխող որոշումներ:

Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգի զեկույցի հեղինակները նաեւ արձանագրում են, որ չնայած Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագրի հնգամյա գոյությանը, կոռուպցիան Հայաստանում, ըստ փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների դիտարկման, չի նվազել: Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում մեծ է նաեւ քաղաքական կոռուպցիան, որի հիմնական ռիսկերն են. մաղաքական ղեկավարների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումը` քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, կազմակերպված հանցավորության կառույցների կամ օտարերկրյա կառավարությունների կողմից ֆինանսավորումը, պետական միջոցների անօրինական տեղափոխումը կուսակցական «գանձարկղ»` հատուկ այդ նպատակով հիմնված ընկերությունների եւ կառույցնմերի միջոցով, ընդդիմադիր կուսակցությունների որոշ ղեկավարների կամ աչքի ընկնող անդամների կաշառումը, քաղծառայողներին եւ այլ պետական պաշտոնյաներին իշխանական կուսակցություններին պարտադրաբար անդամակցելը, մասնավոր հատվածից` խոշոր կապիտալի ներկայացուցիչներից անօրինական նվիրատվություններ ընդունելը, ձեռներեցներին ստիպելը, որ նրանք ընդունեն իշխանության տարբեր պաշտոնյաներին որպես իրենց գործունեության «տանիք»: