Օգտակար վերլուծություն ՆԱՏՕ-ից

Հայաստանի եւՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունը զարգանում է եւ դրա վառ վկայությունը ՆԱՏՕ հետ մեր անհատական գործընկերության ծրագրի իրականացումն է, որն արդեն սկսվել է եւ ինչի դրական տեղաշարժն արդեն տեսանելի է: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Այսօր մենք բավական հետաքրքրական քննարկում ենք ունեցել պարոն Սիմոնսի հետ: Որովհետեւ ոչ թե միայն մեր երկկողմ հարաբերությունների հարցն էր, այլ տարածաշրջանի իրադարձությունները: Անվտանգության խնդիրների վերաբերյալ այսօր բազմաթիվ զարգացումներ կան եւ իսկապես շատ օգտակար էր, բոլոր այն տեղեկությունները եւ վերլուծությունները, որ պարոն Սիմոնսը արեց մեր հանդիպման ժամանակ: Շատ օգտակար եմ գնահատում, ես իսկապես դրա համար շնորհակալ եմ», հայտարարել է Վարդան Օսկանյանը: Նա նշել է, որ Սիմոնսի հետ խոսել են Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, հատկապես Սանկտ-Պետերբուրգի հանդիպման եւ հետագա զարգացումների, Կոսովոյի խնդրի, Եվրոպայում տեղակայվելիք ՀՕՊ համակարգի մասին:

Վարդան Օսկանյանի խոսքով, Արեւելյան Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայումը դա Եվրոպայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի խնդիրն է: «Բայց երբ խոսքը գնում է մեր տարածաշրջանի մասին, ինչպես վերջերս խոսվեց Ադրբեջանի հնարավոր տարածքի օգտագործմանը այդ խնդիրների համար, մեր հետաքրքրությունն իհարկե այնտեղ ավելի, այսպես, առաջանում է, որովհետեւ խոսքը վերաբերում է արդեն Կովկասին, տարածաշրջանին: Մեր մոտ հարցեր են ծագում, թե դա ինչպես կարող է քաղաքական եւ անվտանգության հարցերում հավասարակշռության վրա ազդել», հայտարարել է Վարդան Օսկանյանը:`

Ռոբերտ Սիմոնսն էլ իր գոհունակությունը հայտնեց Վարդան Օսկանյանի վերլուծությունների կապակցությամբ, որ հնչել է իրենց հանդիպման ընթացքում: Ռոբերտ Սիմոնսը նույնպես Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության կարեւոր առանցք համարեց Անհատական գործակցության ծրագիրը: «Դրական արդյունքներ ենք արդեն արձանագրել, մատնանշեցինք, որ նույն ոգով կշարունակենք իրականացնել այդ ծրագիրը», ասում է Սիմոնսը: Այդ կապակցությամբ նա իր գոհությունը հայտնեց վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից: «Ինչպես պարոն վարչապետը նշեց, համագործակցության ծրագիրը չի սահմանափակվում միայն պաշտպանության բանագավառով, ընդգրկում է նաեւ մի շարք այլ ոլորտներ, որոնց հետ մենք գալիս տարիների ընթացքում կաշխատենք», ասում է Սիմոնսը: Նա նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին չի մտահոգում Հայաստանի եւ Իրանի էներգետիկ գործակցությունը, քանի որ ՆԱՏՕ-ն հասկանում է, որ երկիրն ունի էներգակիրների այլընտրանքի խնդիր: