Քաղաքացիական հասարակության ձեւավորումը կախված է իշխանությունների ցանկությունից

Հունիսի 21-ին «Հայելի» ակումբում քաղաքացիական հասարակության մասին էին բանավեճում Հայաստանի ժողովրդավարական-ազատական միության նախագահ, Ռոբերտ Քոչարյանի օգնական Սեյրան Ավագյանը եւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Վահագն Խաչատրյանը: Առաջինը կարեւորում է ինստիտուցիոնալ փոփոխությունները, երկրորդը` քաղաքացիական հասարակության ձեւավորումը, օրենքների կիրառումը, բոլոր ինստիտուտների աշխատանքը:

Վահագն Խաչատրյանը համոզված է, որ ԱԺ ընտրություններից հետո ոչ մի փոփոխությունն էլ չի եղել, մարդիկ քաղաքական ընտրություն չեն կատարել. «քաղաքացիները համոզվեցին, որ ունեն խորհրդարան, որը իմ համոզմամբ արժանի չէ ՀՀ քաղաքացիներին: Կեղծիքներով ստեղծված խորհրդարանի արդյունքները կտեսնենք շատ արագ: Խորհրդարանը օրենքներ գրելու համար չէ, նրա համար է, որ քաղաքական պատվեր կատարի. նախագահական ընտրություններում իշխանությունների համար պրոբլեմներ չստեղծի»:

Սեյրան Ավագյանը առաջարկում է միայն 2007 թվականը չդիտարկել, այլ` տեսնել ուր էինք եւ ուր ենք հասել: Սեյրան Ավագյանը հիշեցրեց երկու հայտնի խոսք. ժողովուրդը երբեք չի սխալվում եւ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: 2008-ին ժողովուրդը արժանի է լինելու այն նախագահին, ում ընտրելու է, համոզված է նա: «Ժողովուրդը չի ձեւավորել այս իշխանությունները», ի պատասխան ասաց Վահագն Խաչատրյանը: Ժողովրդավարական գործընթացները, ընտրական գործընթացները այն վիճակի նկարագիրն է, ինչպիսի քաղաքացիական հասարակություն ունենք, հետեւանքների մասին խոսելու փոխարեն խոսենք պատճառներից, նկատեց Սեյրան Ավագյանը: «Նման ձեւով կարելի է սպանությունն էլ արդարացնել: Վիճակի պատճառը մեկն է. իշխանությունը չի դնում քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձեւավորման խնդիր: Այսօր մեկ խնդիր է դրված. պահել իշխանությունը: Քաղաքացիական հասարակությունը կկայանա, եթե իշխանությունները ցանկանան», չհամաձայնեց Վահագն Խաչատրյանը:

Սեյրան Ավագյանը շարունակեց պնդել, որ ինստիտուցիոնալ փոփոխությունների ճանապարհով պիտի գնանք եւ ոչ ժողովրդական տրիբունների: Նա հայտարարեց, որ ինստիտուտները ձեւավորվում են: Լրագրողները նրան հիշեցրեցին ԱՄՆ պետդեպարտամենտի մի շարք զեկույցներ, ուր Հայաստանի իշխանությունների մասին ուղղակի ձեւակերպումներով կամ թափանցիկ ակնարկներով ասվում է, որ զբաղվում են թմրաբիզնեսով, թրաֆիկինգով, իշխանությունները կոռուպացված են: Սա կարո՞ղ է լինել ինստիտուտների կայացման խոչընդոտ. «Ես չեմ ասում, որ կոռուպցիա չկա: Կա: Ես ասում եմ, որ այդ երեւույթի դեմ պետք է լինի աննկուն, հետեւողական, ամենակոշտ պայքարը: Ես դա չեմ բացատրում անձերով, անհատներով: Այն տեսակետին չեմ, որ այս խորը պրոբլեմը մեկ-երկու-չորս մարդ են լուծելու: Հինգ տաս մարդ փոխելով, այդ մարդիկ հերոս են, Սասունցի Դավթի պես մի սրով կտան ամեն ինչ լուծվի: Չեմ հավատում դրան: Խնդիրները կան, պրոբլեմները խորն են եւ լուծումը ինստիտուցիոնալ փոփոխություններն են», հայտարարեց Սեյրան Ավագյանը:

«Ձեր ձեւավորած ինստիտուտները երկիր քանդում են: Նման ինստիտուտները, նման կայունությունը ինձ չի բավարարում», հայտարարեց Վահագն Խաչատրյանը: