Դատավճիռը կլինի վաղը

Ժառանգություն կուսակցության մամուլի ծառայությունը հայտնում է, թե հունիսի 21-ին, մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր` Սամվել Թադեւոսյան) քննել է քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական բողոքը` ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության: Խոսքը վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության նախկին, Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող գրասենյակի համակարգչի հետ կատարվածին: «Ժառանգությունը» պնդում է, որ երբ գրասենյակը կնքված էր ու փակ, կուսակցության գրասենյակի հիմնական համակարգիչը միացրել եւ դրա մեջ եղած ամբողջ ինֆորմացիան գողացել են անհայտ անձինք: Կուսակցությունն այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու համար դիմել էր Գլխավոր դատախազությանը, բայց այդ դիմումը ընթացք չէր ստացել: «Ժառանգությունն» այդ պատճառով դատարանում վիճարկեց գլխավոր դատախազության գործողությունը կամ անգործությունը:

Վաղը` Ժամը 10:30-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կհրապարակի վերջնական վճիռը: