Նեղացնում են պարզեցվածը

Հայաստանի կառավարությունը Ազգային Ժողով է ներկայացնում օրինագիծ, որը նախատեսում է փոփոխություն կատարել պարզեցված հարկի մասին օրենքում: Հունիսի 21-ին լրագրողներին դա հայտնել է Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Մասնավորապես առաջարկվում է լուծել հետեւյալ հարցը: Առաջինը, նեղացնել պարզեցված հարկ վճարողների շրջանակները: Թույլատրել, որ այդ հարկման դաշտում գտնվեն միայն մեկ խանութի, մեկ կրպակի, մեկ տաղավարի միջոցով, առեւտրային, բացառապես առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները», ասում է Արմեն Ալավերդյանը: Հաջորդը, որ փոփոխություններով առաջարկվում է, ընդհանրապես, ներմուծողների համար պարզեցված հարկը բացառելն է: Արմեն Ալավերդյանն ասում է, որ պարզեցված հարկի մասին ներկայացվող փոփոխությունները Ազգային Ժողովում ընդունելուց հետո կկիրառվեն 2008 թվականի հունվարի 1-ից:

Կառավարությունը փոփոխություն է կատարում նաեւ հաստատագրված վճարի մասին օրենքում: Օրինագիծը նույնպես ներկայացվելու է աժ: «Մասնավորապես օրենքի նախագծով առաջարկվում է մինչեւ 7 քմ կրպակների, տաղավարների, սեղանիկների, այդ առեւտրային տարածքների հարկումը իրականացնել հաստատագրված վճարներով: Մասնավորապես առաջարկվում է, մինչեւ 7 քմ տարածքների հարկումը իրականացնել` 1 քմ-ն Երեւանի կենտրոնի համար 1815 դրամ, մարզկենտրոններում, Աբովյան եւ Վաղարշապատ քաղաքներում 1 քմ համար 792 դրամ», մարզերում 660 դրամ, աղետի գոտում եւ սահմանամերձ բնակավայրերում 330 դրամ 1 քմ համար», ասում է Արմեն Ալավերդյանը:

Գործադիրը Ազգային Ժողովին է ներկայացրել նաեւ 2007 թվականի պետակլան բյուջեի եկամտային եւ ծախսային մասը փոխելու մասին օրենքի նախագիծ: Կառավարության այդ որոշումը պայմանավորված է տարվա առաջին հինգ ամիսներին նախատեսված 9 տոկոսի փոխարեն 11 տոկոս տնտեսական աճով: Ելնելով այդ տեմպից, կառավարությունը հաշվարկել է, որ տարին կփակի ոչ թե նախատեսված 9 տոկոս, այլ ավելի քան 11 տոկոս աճով: Հետեւաբար գործադիրը որոշել է 9 տոկոս աճի հաշվարկով նախատեսած բյուջետային եկամուտները հաշվարկել 11 տոկոսի ելակետով: Արդյունքում գործադիրը որոշել է Ազգային Ժողովին առաջարկել 2007 թվականի բյուջեյի եկամտային ու ծախսային մասում կատարել փոփոխություն, ավելացնելով մոտ 9 միլիարդ դրամի եկամուտ եւ նույնքան ծախս: