Պարտադիր է երկու լեզու` մեկը գերազանց, մյուսը աշխատանքային մակարդակի

Հունիսի 22-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը լրագրողներին հայտնել է, որ ինքը չի գլխավորի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի պատվիրակությունը, որովհետեւ շատ կարեւոր է համարում այդ աշխատանքը եւ լինելով խորհրդարանի նախագահ, չի կարող լիարժեք աշխատել ԵԽԽՎ նման կարեւոր կառույցի հետ: «Ես կարծում եմ, մեզ համար, մեր խորհրդարանի համար, ամենապատասխանատու եւ երկրի պարտավորությունների առումով ամենակարեւոր կառույցն է եւ այստեղ իսկապես պետք է հատուկ ուշադրություն լինի: Ակնհայտ է մեկ բան, որ Ազգային Ժողովի նախագահը եթե անգամ հնարավորություն գտնի տարեկան չորս նստաշրջաններին մասնակցելու, որը նույնպես ինքնին դժվար է, որովհետեւ դրանց տեւողությունը մեկ շաբաթ է, ակնհայտ է, որ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում հանձնաժողովների նիստերին պարզապես հնարավոր չի լինելու մասնակցել: Եվ այդ պատճառով ես որոշեցիօ, որ ճիշտ կլինի, ուշադրության կենտրոնում պահելով այդ պատվիրակության աշխատանքը, ըստ ամենայնի աջակցելով այդ պատվիրակության աշխատանքին, որ այլ պատգամավորի նշանակեմ պատվիրակության ղեկավար: Բնականաբար պատվիրակության անդամների կազմից», ասում է Տիգրան Թորոսյանը:

Իսկ նոր պատվիրակության կազմը ձեւավորելիս, Տիգրան Թորոսյանը դնելու է լեզվական լուրջ պահանջներ` գերազանց տիրապետել ռուսերենին եւ աշխատանքային, փաստաթղթերի հետ աշխատելու մակարդակով տիրապետել անգլերենին կամ ֆրանսերենին: