ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրացավ Արման Բաբաջանյանի անազատության մեկ տարին
2006 թվականի հունիսի 26-ին ձերբակալվեց, հետո կալանավորվեց հետո 3.5 տարվա ազատազրկման դատապարտվեց «Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: Արդեն մեկ տարի է, Արման Բաբաջանյանը ճաղերի հետեւում է: Այս առթիվ թերթի խմբագրակազմը նկատում է, «Արման Բաբաջանյանը դարձել է քոչարյանական ռեժիմի սանձազերծած քաղաքական հաշվեհարդարի զոհ: ԱՄՆ պետդեպարտամենտը Մարդու իրավունքների վիճակի մասին 2006 թ. զեկույցում Արման Բաբաջանյանին ճանաչել է քաղբանտարկյալ: Բայց, ինչպես ասում են, խեւին խրատն ինչ անի, սեւին` սապոնը: Այս իշխանության համար մի քաղբանտարկյալ ավել, մեկը պակաս, ոչ մի նշանակություն չունի»:
Հունիսի 26-ին հայտարարություն են տարածել նաեւ լոսանջելեսաբնակ մի խումբ հայեր, որոնք Արման Բաբաջանյանի պաշտպանության հասարակական խորհուրդ են ստեղծել: Հայտարարությունում մասնավորապես նշված է. «ԱՄՆ Պետական դեպարտամենտը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իր տարեկան զեկույցում «Ժամանակ Լոս Անջելես» եւ «Ժամանակ Երեւան» օրաթերթերի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ճանաչել է որպես քաղաքական բանտարկյալ: Արման Բաբաջանյանը ձերբակալվել, այնուհետեւ ենթարկվել է քրեական հետապնդման ՀՀ քրեադատավարական օրենսդրության նորմերի պահանջների անտեսումով եւ խախտումներով, ավելին` նրա նկատմամբ կիրառվել է խտրական վերաբերմունք: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արման Բաբաջանյանին քաղբանտարկյալ ճանաչելու համար հիմք են հանդիսացել նախաքննության եւ դատաքննության ընթացքների անհամապատասխանությունը ՀՀ քրեադատավարական նորմերին, ինչպես նաեւ խտրական վերաբերմունքը նրան` որպես դատապարտյալի: ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառվող խտրական վերաբերմունքը, պայմանավորված նրա լրագրողական գործունեությամբ, որեւէ ընդհանրություն չունի քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված քրեական հետապնդման հետ, այն ուղղված է քաղաքացու քաղաքական հայացքների, նրա լրատվական գործունեության դեմ: Բաբաջանյանի նկատմամբ կիրառված ապօրինի հետապնդման կապակցությամբ հայաստանյան եւ սփյուռքի տարբեր կազմակերպություններ ու գործիչներ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով: Մենք` ներքոստորագրողներս կոչ ենք անում հայաստանյան իշխանություններին ետ կանգնել իրավախախտման վերաբերյալ քաղաքական մոտեցումներից եւ Արման Բաբաջանյանի նկատմամբ կիրառել օրենքի պահանջներին համապատասխանող մոտեցում, ազատ արձակել քաղաքական բանտարկյալ Արման Բաբաջանյանին»: Հայտարարությունը ստորագրել են Կարո Կարապետյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ռուդիկ Հովսեփյանը, Հյուբի Խաչատրյանը, Նունե Ավետիսյանը, Համբիկ Սարաֆյանը, Հովհաննես Բալայանը, Լուսինե Գալֆայանը:
