«Ինտերնյուսը» մեկնաբանություն է հրապարակել

Մամուլի աջակցության [url=http://www.internews.am/ target=_blank]«Ինտերնյուս»[/url] հասարակական կազմակերպությունը հունիսի 27-ին իր մասնագիտական կարծիքն է հրապարակել Ազգային ժողովին կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

«ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացված «պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը ենթադրում է լրացուցիչ պետական տուրքի գանձում հայաստանյան հեռուստառադիոընկերությունների կողմից oտարերկրյա զանգվածային լրատվական միջոցի ազգային խմբագրության կամ ծառայության հաղորդաշարի հաղորդումները հեռարձակելու համար։ Լրացուցիչ պետական տուրքի գանձումը հիմնավորված է տեղական եւ օտարերկրյա ընկերությունների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Ընդ որում, հիմնավորումը չի պարունակում որեւէ տեղեկություն մրցակցության պայմանների անվասար լինելու, որեւէ հիմնված ապացույց, ոլորտում մրցակցային պայմանների ուսումնասիրություն կամ նման խնդիրների առկայության փաստեր:

ՀՀ կառավարության կողմից ներկայացված հիմնավորումը տրամաբանական չէ եւ ապակողմնորոշիչ է։ Անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում զուտ հայրենական արտադրանքից բաղկացած հեռուստահաղորդաշարներ հեռարձակող հեռուստաընկերությունները եւ դրանց մրցակիցները, որոնք ամբողջովին կամ մասամբ վերահեռարձակում են օտարերկրյա հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվող հաղորդումները։ Առավել արտոնյալ պայմաններ ունեն այն ընկերությունները, որոնք վերահեռարձակում են միջպետական եւ միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում վերահեռարձակվող օտարերկրյա հեռուստաալիքները։

Կարեւոր է նաեւ նշել, որ ի տարբերություն oտարերկրյա զանգվածային լրատվական միջոցի, ազգային խմբագրությունների կամ ծառայությունների օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հեռուստառադիոհաղորդումները ամբողջությամբ վերահեռարձակող ընկերությունները իրենց գործունեությամբ չեն նպաստում հայրենական եւ հայալեզու հաղորդումների ստեղծմանը եւ Հայաստանում աշխատատեղերի զարգացմանը: Շատ անգամ ամբողջությամբ վերահեռարծակվող oտարերկրյա հեռուստառադիոալքները պարունակում են oտար լեզուներով գովազդային բլոկեր` խախտելով ՀՀ գովազդի մասին օրենքը եւ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք հայաստանյան սպառողների նկատմանբ։ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը բազմիցս հրավիրել է հանրության եւ հեռուստառադիոհեռարձակողների ուշադրությունը այդ խնդրին, որը, ցավոք, պետական մարմինների կողմից միշտ անտեսվել է։

ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացված վերոնշյալ oրինագծի հիմնավորումը անտեսում է այն փաստը, որ oտարերկրյա ընկերությունների ազգային խմբագրությունները եւ ծառայությունները կատարում են ծավալուն աշխատանք` ստեղծելով հայրենական արտադրանք, որը շատ անգամ պատրաստվում է միջազգային ստանդարտներով եւ այդպիսով խթանում են Հայաստանում հեռուստառադիոհաղորդումների որակի աճը: Ի տարբերություն ամբողջությամբ վերահեռարձակվող oտարերկրյա հեռուստաալիքների oտարերկրյա ընկերությունների ազգային խմբագրությունների եւ ծառայությունների կողմից հաղորդվող oտարերկրյա լրատվական ծրագրերը եւ հաղորդաշարերը սովորաբար հեռարձակվում են հայերեն` նպաստելով տեղեկատվության բազմակարծիքությանը եւ բազմազանությանը:

ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացված օրինագծի էական թերություններից է պետական տուրքի իրավական էության աղավաղումը։ Պետական տուրքի հիմնական իրավական իմաստն է պետության կողմից ոլորտի կարգավորման կամ պետական մարմինների կողմից բնակչությանը կամ տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների հետ կապված ծախսերի դիմաց համաչափ՝ ամբողջությամբ կամ մասամբ պետական եկամուտների ապահովումը։ Պետական տուրքը սովորաբար չի օգտագործվում մրցակցային դաշտը կարգավորելու նպատակով։ Փոխարենը, որպես մրցակցային դաշտի կարգավորման իրավական գործիքներ oգտագործվում են`

  • հեռարձակվող գովազդի ծավալի սահմանափակումը oրինակ` բյուջեից մասամբ ֆինանսավորվող հանրային հեռուստառադիոընկերության կողմից վերահեռարձակվող գովազդի ծավալի եւ թողարկման ժամերի սահմանափակումը.
  • գովազդի արժեքի կարգավորումը տնտեսական մրցակցության պաշատպանությունը իրականացնող պետական մարմնի կողմից` հաշվի առնելով հեռուստառադիոհաղորդումների պատրաստման հետ կապված oտարերկրյա ընկերության ազգային խմբագրության եկամուտները, ծախսումները եւ հիմնադիր ընկերության կողմից ստացված լրացուցիչ ֆինանսավորումը:

Կարծում ենք, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացված oրինագիծը պատշաՃ հիմնավորված չէ եւ հետեւաբար կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների»: