ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ազատություն» ռադիոկայանը փակելու նպատակ չկա, ասում է նախարարը
Հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովում սկսվեց կառավարության մշակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նածագծի քննարկումը: Կառավարությունն առաջարկում է հանրային հեռուստա եւ ռադիո ընկերությունների զբաղեցրած հաճախություններում օտարերկրյա ԶԼՄ-ների ազգային ծառայություններին եթեր չտրամադրել: Իսկ այդպիսին է միայն ամերիկյան Կոնգրեսի ֆինանսավորմամբ գործող «Ազատություն» ռադիոկայանը:
Նախագիծը ներկայացնում էր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հայտարարեց, որ հանրայինի եթերը այլ ընկերության տրամադրելը խաթարում է հանրայինի առջեւ դրված նպատակները: Անահիտ Բախշյանը եւ այլ պատգամավորներ ուզում էին իմանալ, թե ինչպես է խաթարում: Նախարարը սպառիչ պատասխան չտվեց, եւ Անահիտ Բախշյանը հայտարարեց. «ես հասկացա, որ նախագծի նպատակը «Ազատությունը» փակելն է»: Գեւորգ Դանիելյանը հայտարարեց նաեւ, որ հանրայինը սպասարկում է հասարակության շահերը, իսկ «Ազատությունը» չի կարող այդ շահերը սպասարկել: Իսկ թե ում շահերն են «Ազատության» համար նպատակ, Գեւորգ Դանիելյանը չասաց:
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ ցանկանում էր պարզել, թե արդյոք հայ-ամերիկյան հարաբերությունների եւ մասնավորաբար ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վրա չի ազդի «Ազատության» փակումը: Գեւորգ Դանիելյանը կարծում է, որ չի ազդի եւ դեռ ավելին. Հայաստանում մրցակցային դաշտը կվերականգնվի, «Ազատությունը» դրանից դուրս էր:
Գեւորգ Դանիելյանը հայտարարեց, որ «Ազատությունը» փակելու նպատակ չկա, ռադիոկայանը կարող է եթեր մտնել այլ հաճախություններով, նախագիծը կապ չունի նախագահական ընտրությունների հետ:
