ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ս.Դ. Հնչակյան կուսակցության հայտարարությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ կապված վերջին գործընթացների վերաբերյալ
«Ազատություն» ռադիոկայանը վերջին տարիներին համարվում է Հայաստանի ամենաազատ եւ անկախ լրատվամիջոցը, որի տարածած տեղեկատվությունն աչքի է ընկնում իր օբյեկտիվությամբ եւ անաչառությամբ: Այն քայլերը, որոնք կատարում են իշխանությունները «Ազատության» նկատմամբ, մեր կուսակցությունը համարում է հանցավոր եւ ապօրինի: Հերթական անգամ իշխանությունները փորձում են փակել մի լրատվամիջոց, որը չի ենթարկվում նախագահականի հրահանգներին եւ իրապես անկախ է: Հստակ է, որ «Ազատության» նյութերը մեծ պահանջարկ ունեին ինչպես Հայաստանում, այնպես էլ համայն Սփյուռքում, եւ նախագահական ընտրություններից առաջ այդպիսի լրատվամիջոցի գոյությունը հանցավոր իշխանությանը ամենեւին ձեռնտու չէ: Եթե փակվի «Ազատություն» ռադիոկայանը, ապա Հայաստանում կընկնի խոսքի ազատության եւ անկախ լրատվության վերջին բարիկադը:
