ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ ՀԿ Հայտարարությունը
29 հունիսի, 2007
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, ուսումնասիրելով կառավարությունից ԱԺ բերված ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքների փոփոխությունների նախագծերը, որոնցից առաջինով նախատեսվում է ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության հաճախականություններով արգելել այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը, իսկ մյուսով` բազային տուրքի 70-ապատիկի չափով տուրք սահմանել «Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոընկերության կողմից օտարերկրյա զանգվածային լրատվական միջոցի ազգային խմբագրության կամ ծառայության հաղորդաշարի հաղորդումների յուրաքանչյուր թողարկման համար», գտնում է, որ
Այս նախաձեռնությունը ուղղված է «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման դեմ եւ Հայաստանում խոսքի մամուլի եւ արտահայտման ազատությունը ճնշելու պետական հետեւողական քաղաքականության հերթական դրվագն է:
Այս օրենսդրական նախաձեռնությունն ու սրան սատարող ելույթները ներշնչված են ամենակարողության ցինիզմով եւ անպատժելիության լկտիությամբ:
Այս օրենսդրական նախաձեռնությունը ոչ մի ընդհանություն չունի Ժողովրդավարությանը հավատարմություն հայտարարած Հայաստանի հետ, եւ խիստ հարազատ է Հայաստանում իշխող ավտորիտար-կլանային ռեժիմի բնույթին:
Մենք եւ մեր համախոհները խստորեն դատապարտում ենք ազատ խոսքի, ազատ մամուլի, մարդկանց` ազատորեն տեղեկություններ ստանալու եւ տարածելու, բնական, տարրական ու անօտարելի իրավունքների դեմ ՀՀ իշխանությունների այս հերթական այլանդակ ոտնձգությունը: Միաժամանակ նշում ենք, որ Հայաստանում իշխող բարգավաճ ֆեոդալիզմի ռեժիմի վրա այսօրինակ հայտարարությունները ազդեցիկ են այնքան, որքան ժողովրդավարական ուժերի կամքի վրա ազդեցիկ են այս ռեժիմի ոտնձգությունները. Հայաստանը թեւակոխել է ժողովրդավարական եւ հակաժողովրդավարական ուժերի դիմակայության նոր, եւ, թերեւս, վերջին փուլը:
Այսպես երկար չի կարող շարունակվել. մեզ միայն «Ազատությունն» է մնացել, այն էլ են ուզում խլել:
Մենք քաջալերում ենք բոլոր այն ուժերին, ովքեր դավանում են Ժողովրդավարական արժեքները` գոտեպնդվել եւ դիմագրավել հակաժողովրդավարական եւ հակաժողովրդական բռնաճնշումներին: Հորդորում ենք համախմբվել եւ աչալուրջ լինել, պատրաստ` ռեժիմի ամենաանհավանական ոտնձգություններին դիմագրավելու. Հայաստանի ժողովրդավարական ապագայի բացահայտ, քողարկված, երկերեսանի եւ ցինիկ թշնամիները տեղ չունեն իշխանություններում: Զանգվածային ընտրակեղծիքներով եւ օրինախախտումներով ձեւավորված ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունների հետ ցանկացած երկխոսություն, քննարկում, բանավեճ դատապարտված է անհաջողության, ամլության եւ խոտանման, բոլոր այդ հնարավոր բանակցություններն ու քննարկումները տանում են ժողովրդավարական ուժերի թուլացման եւ իշխանությունների ինքնավստահ եսակենտրոնության խորացման փակուղի:
Բոլոր միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, ժողովրդավարական եւ մերձժողովրդավարական երկրներին հորդորում ենք վերանայել իրենց հարաբերությունները ՀՀ պետական իշխանությունների հետ, կոչ ենք անում չհամագործակցել սրանց հետ, չաջակցել որևեւէ կերպ, որովհետեւ բոլոր այդ նյութական եւ բարոյական օժանդակությունները սրանք օգտագործում են ոչ այնքան հանուն Հայաստանի զարգացման, որքան իրենց իշխանության պահպանման եւ վերարտադրման համար: Այս հորդորի անտեսումը համարում ենք ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունների հետ իրենց բոլոր հակամարդկային ու հակաժողովրդավարական նախաձեռնություններում եւ գործողություններում համաձայնության ցուցադրական դրսեւորում:
Մենք անվերապահորեն հավատում ենք Ժողովրդավարությանն ու, որ Հայաստանը զարգացման այլընտրանք չունի: Լինելու է այդ օրը:
