Քաղաքացիական անհնազանդություն շարժման հայտարարությունը

Հունիսի 29-ին հայտարարություն է տարածել Քաղաքացիական անհնազանդության շարժումը: Հայտարարության մեջ ասվում է.

«Հայրենակիցներ

2007 թվականի մայիսի 7-ից շինծու գործով կալանված եւ ԿԳԲ-ի մեկուսարանում է պահվում Քաղաքացիական անհնազանդության շարժման նախաձեռնող, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Երբ երկրում իշխանությունը բռնազավթված է հանցախմբի կողմից, պարոն Արզումանյանի նման ազնիվ, իրավիճակի հետ չհամակերպվող մարդիկ, բնականաբար, պետք է հայտնվեն բանտերում:

Քաղաքացիական անհնազանդության մասնակիցներին չի վախեցնում Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ռեժիմի օրոք բանտերում հայտնվելու հեռանկարը, ավելին, «լցնենք բանտերը մեզանով» կոչը քաղաքացիական անհնազանդության տեսության զինանոցում է արդեն քանի տասնամյակ:

Հանցախմբին եւ նրա կամակատար չեկիստ-պնակալեզներին հայտնում ենք, որ չնայած քաղաքական հալածանքին, շարունակելու ենք մեր պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի, անելու ենք ամեն ինչ երկիրը հանցախմբից օր առաջ ազատագրելու համար:

Համոզված ենք, որ շատ շուտով հանցախումբը կզբաղեցնի պարոն Արզումանյանի ազատած տարածքը` այս անգամ օրինական հիմքերով»: