Ընդդիմադիր պատգամավորները չեն ընդգրկվել

Հուլիսի 2-ին Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Ստյոպա Սաֆարյանը «Ժառանգություն» կուսակցության պատգամավորական խմբակցությունը ներկայացրին Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանների պատվիրակության հետ հանդիպմանը, հաղորդում են կուսակցության լրատվական ծառայությունից: Արծարծվեցին ժողովրդավարական ուղով Հայաստանի զարգացման, Կովկասում ու Եվրոպայում հակամարտությունների կարգավորման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական անվտանգության մարտահրավերները: Այս խնդիրների շուրջ իր գնահատականը ներկայացնելուց հետո Հովհաննիսյանն ափսոսանք հայտնեց, որ ի խախտումն ընդունված երկուստեք ավանդույթի ու հայկական ազգային պարտականությունների, «Ժառանգության» եւ ընդդիմադիր այլ կուսակցությունների պատգամավորները չեն ընդգրկվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ նստաշրջանին մասնակցող հայաստանյան պատվիրակության կազմում:

Ստրասբուրգյան պաշտոնական պատվիրակության կազմում էին Եվրախորհրդում յոթ մշտական ներկայացուցիչներ` դեսպաններ Ուենդելին Էթմայերը Ավստրիայից, Բրունո Գենը Ֆրանսիայից, Էբերհարդ Քյոլշը Գերմանիայից, Փեթերիս Էլֆերցը Լատվիայից, Ստելիան Ստոյանը Ռումինիայից, Ալեքսանդր Ալեքսեեւը Ռուսաստանից եւ Փեր Սյոգրենը Շվեդիայից: