ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունները փորձելու են լռեցնել «Ազատությունը»
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հուլիսի 4-ին «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել փակել «Ազատություն» ռադիոկայանը, ինչը ես դատապարտելի է: Բանախոսի կարծիքով ասվածի ապացույցն է այն, որ Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված 5 հարցերից չորսը վերաբերում էին ՀՀ կառավարության գործունեությանը եւ ծրագրին, միայն «Ազատություն» ռադիոկայանը փակելուն ուղղված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր, որ կապ չուներ կառավարության ծրագրի հետ: Ըստ Վիկտոր Դալլաքյանը այս անգամ իշխանությունների փափագած օրինագիծը տապալվեց մի շարք գործոնների պատճառով. ժողովրդի բացասական վերաբերմունք, արտաքին ազդակներ, ներիշխանական մրցակցություն, կոճակային մեծամասնության անկազմակերպվածություն եւ խորհրդարանական ընդդիմության կազմակերպվածություն:
Վիկտոր Դալլաքյանը կարծում է, սակայն, որ ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ ու մինչեւ 2008-ի ՀՀ նախագահի ընտրություններ իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել «Ազատությունը» լռեցնելու համար:
Կառավարության ծրագիրն էլ, ըստ Դալլաքյանի, չի տալիս Հայաստանի զարգացման երեք գերակայությունների պատասխանը. պետության մոդելի ստեղծում, մրցակցային պետության կայացում եւ հայության գոյաբանական ճգնաժամի հաղթահարում: Կա պետության երկու մոդել. ավտորիտար եւ ժողովրդավարական: Հայաստանում այսօր նախապատվություն է տրվում կնքահայրով ավտորիտար ռեժիմին, ինչը կապ չունի քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության հետ:
Կառավարությունն էլ ժամանակավոր է եւ կոմպրոմիսային նախագահի եւ վարչապետի միջեւ, կարծում է Վիկտոր Դալլաքյանը: Իշխանությունների ներսում իշխանության համար մրցակցություն կա. մի կողմից ամենաերիտասարդ թոշակառու լինել չցանկացող նախագահ, որ փորձում է առավելագույնս պահել իր ազդեցությունը, մյուս կողմից մաքսիմալ իշխանության ձգտող վարչապետ, ով փորձում է ամբողջացնել իր իշխանությունը:
Սերժ Սարգսյանը դժվար համաձայնի, որ իր նախագահ դառնալու պարագայում Ռոբերտ Քոչարյանը դառնա վարչապետ, հայտարարեց բանախոսը, ով չի բացառում, որ 2008-ի նախագահի ընտրություններից հետո եւ վարրչապետը եւ ԱԺ մեծամասնությունը եւ նախագահը լինեն նույն կուսակցությունից: Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ իշխանությունները նախագահի ընտրություններում կառաջադրեն երկու թեկնածու: Մեկը Սերժ Սարգսյանն է, մյուսը, ում առաջադրելու է Ռոբերտ Քոչարյանը, ըստ Վիկտոր Դալլաքյանի նա է ով ձեռնպահ էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» փոփոխությունների նախագծի քվերակության ժամանակ: Իսկ ձեռնպահ էին հանրապետական Դավիթ Հարությունյանը եւ ՀՅԴ-ական Ալվարդ Պետրոսյանը:
Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, նաեւ, որ ընդդիմության միասնական թեկնածուն իշխանափոխություն անելու քաղաքական տեխնոլոգիա է եւ եթե ընդդիմությունը ԱԺ ընտրություններից դասեր քաղի, ապա կարող է լուրջ մրցակցություն ցույց տալ նախագահի իշխանական թեկնածուներին. «բայց սահմանադրությունը ԱԺ մեծամասնությանը եւ նրա հավանությունը վայելող վարչապետին տալիս է անվերահսկելի իշխանություն: նախագահը Աժ մեծամասնության եւ վարչապետի մոտ անգլիական թագուհի է աշխատում»:
Վերջերս շատ է խոսվում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2008-ի ընտրություններինն հնարավոր մասնակցության մասին: Վիկտոր Դալլաքյանը նկատելով, որ առաջին նախագահը ոչ հրապարակային ոչ էլ ոչ հրապարակային չի հայտարարել իր մասնակցության մասին, ասաց, որ շատ ավելի կոռետկ կլիներ, եթե նախ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը լիներ, նոր միայն տարբեր կուսակցություններ, գործիչներ քննարկեին նրա առաջադրման տարբերակը:
