Քաղաքական նիհիլիզմի հետեւանքը

Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում հաստատվել է քաղաքական նիհիլիզմի բարձր մակարդակը, ինչի հետեւանքով բնակչությունը դադարել է վստահել օրենքներին եւ Սահմանադրությանը: Հուլիսի 4-ին, Հայացք ակումբում այդ մասին հայտարարել է քաղաքագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը:

Նա դրա հետ մեկտեղ նշել է, որ չնայած Հայաստանի Սահմանադրության անկատարությանը, Հիմնական օրենքի փոփոխությունը թույլ տվեց երկրի քաղաքացիներին ունենալ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն: «Երկրում արձանագրվել են դեպքեր, երբ Սահմանադրական դատարանը ընդունել է քաղաքացիների դիմումների կապակցությամբ բավական ազատական որոշումներ, Հայաստանի Հանրապետության որոշ օրենքներ ճանաչելով Սահմանադրությանը հակասող», հայտարարել է Վարդան Պողոսյանը: Սահմանադրության փոփոխությունը իրական կյանքի վերածելու համար նա կարեւոր է համարել իշխանության եւ քաղաքացիների քաղաքական կամքի արտահայտությունը: Վարդան Պողոսյանը կարեւոր է համարում նաեւ Սահմանադրության փոփոխության ավելի ճկուն մեխանիզմի առկայությունը: