Պետք է բան ներկայացնել

ԼՂՀ նախագահի ընտրությունը միայն մի դեպքում կարող է ազդեցություն ունենալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա` երբ ընտրությունը կբերի երկրի ներքին իրավիճակի փոփոխության: Այդ մասին հուլիսի 11-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական, Կովկաս վերլուծական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Ըստ նրա, մարդու հետ խոսում են տարբեր կերպ, նայած, թե նա ինչ է ներկայացնում իրենից: «Նայած դուք ձեզանից ինչ եք ներկայացնում, այդ լեզվով էլ ձեզ հետ խոսում են` եվ պետության հետ, եւ անձի հետ: Ես մի անգամ ասել եմ, վիրավորվեցին Ղարաբաղի իշխանությունները, երբ ասացի, որ չի կարելի անընդհատ ասել, թե Հայաստանն ու Ադրբեջանն են մեղավոր, որ մենք տասը տարի բանակցության մեջ չենք: Դա այդպես չէ: Եթե դուք ձեզանից մի բան ներկայացնում եք, ձեզ հետ անպայման խոսում են, ճիշտ լեզվով: Աշխարհն այդպես կառուցված», ասում է փորձագետը:

Նա նշում է, որ 1994-95 թվականներին բանակցության մասնակից էր Ղարաբաղը: Ավելին, բոլորը խոսում էին Ղարաբաղի հետ, «միայն ու միայն Ղարաբաղի հետ էին խոսում», ասում է Մանվել Սարգսյանը, ով այդ տարիներին Ղարաբաղը ներկայացրել է բանակցային գործընթացում:

«Եռակողմ էր, այսպես եռակողմ նստած էինք: Եթե այսօր չեն խոսում, մենք պետք է մտածենք, թե ինչու չեն խոսում: Եթե երկրում փոխվի, բանակցային պրոցեսում էլ կփոխվի: Եթե մնաց նույն պահպանողական գիծը, ամեն ինչ կլինի նույնը: Միթե պարզ չէ: պարզ բան է դա, որովհետեւ դա պատահականություն չէ: Ներքինն ու արտաքինն աշխարհում կապված են իրար հետ», ասում է Մանվել Սարգսյանը: