ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեզ մոտ ահաբեկիչներ չկան
Հուլիսի 12-ին Երեւանում բացվեց ՆԱՏՕ-ի եւ ՀՀ ԱԳՆ համատեղ կազմակերպած «Ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստվածության ապահովում» համաժողովը, որին մասնակցում է 20 երկրի ներկայացուցիչ` Իտալիա, Հունաստան, Չեխիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ռումինիա եւ այլն:
Համաժողովի նախագահող, ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության եւ ծրագրավորման վարչության ղեկավար Գեորգի Կացիրդակիսը հայտարարել է, որ եթե մինչեւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ը ահաբեկչություն ներպետական խնդիր էր համարվում, ահաբեկչությունը զանգվածային չէր, ապա դրանից հետո պարզ դարձավ, որ ահաբեկչության դեմքը փոխվել է:
Այդ ամենը նկատի ունենալով, ՆԱՏՕ-ի կազմում 2001 թվականից հետո բացվել է ահաբեկչության սպառնալիքի հետախուզության վարչությունը, որի ներկայացուցիչ Պատրիցիա Ուիլսոնը հայտարարել է, որ արդեն ձեւավորվել է առարկայական համագործակցություն, մասնավորաբար հետախուզական տեղեկություններ տեղափոխելու հարթությունում: ՆԱՏՕ-ն երկրներին կոչ է արել սեփական օրենքներով սահմանել ահաբեկչությունը եւ ասենք Իտալիայում ահաբեկչություն է այն գործողությունը, որը արվել է երկիրը ապակայունացնելու, կամ պետությանն ու հանրությանը վնաս տալու մտադրությամբ: Բանախոսներից մեկն էլ առաջարկեց զգույշ լինել, քանի որ շատ խիստ լինելու դեպքում զանգվածային ցույցն էլ կարելի է ահաբեկչություն որակել, մինչդեռ դրանով կսահմանափակվի մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը:
Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը, ով հայտարարեց, որ տեղեկությունների փոխանակման հարթությունում Հայաստանը այլ երկրների հետ համագործակցում է ինչպես այս կամ այն կազմակերպության շրջանակներում, այնպես էլ` երկկողմ ձեւաչափով: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոման Հարությունյանն էլ հայտարարել է, որ Հայաստանում չկան ահաբեկչական կազմակերպություններ, Հայաստանը ահաբեկիչների համար տարանցիկ երկիր չէ: «Այդ առումով Հայաստանը ամենաապահով երկրներից է: Դա գալիս է նաեւ նրանից, որ արդյունավետ պայքար է կազմակերպվում», հայտարարել է Նանյանը:
