Դիտորդները կարծիք են հայտնում

ԼՂՀ նախագահի ընտրությանը դիտորդական առաքելություն իրականացրած անձիք եւ կազմակերպությունները սկսել են կարծիքներ տարածել:

ԼՂՀ նախագահի ընտրությունը դիտարկել են Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամները` ԱԺ փոխխոսնակ Իշխան Զաքարյանի գլխավարությամբ: Իշխան Զաքարյանը լրագրողներին ասել է, թե այս ընտրությունը քայլ էր երկրի ժողովրդավարական առաջընթացի ճանապարհին: Իշխան Զաքարյանը ընդունել է, որ կիրառվել է վարչական ռեսուրսը եւ դա բացատրել է նրանով, որ չինովնիկները ցանկացել են ծառայություններով աչքի ընկնել

ԼՂՀ նախագահի ընտրությանը դիտորդական առաքելություն կատարող ամերիկյան Միջազգայի հասարակական իրավունքի եւ քաղաքականության խումբը մամուլի ասուլիս է հրավիրել Ստեփանակերտում: Ասուլիսին Խմբի անդամները նշել են, թե ընտրություններն անցել են թափանցիկ եւ տեղական օրենքներին եւ միջազգային չափանիշներին համապատասխան: Խմբի անդամ Բլադիմիր Մատիչը նշել է, թե առկա բողոքները էական չեն: Դիտորդները նշել են մասնակցության բարձր տոկոսը, գտնելով, որ դա նույնպես ժողովրդավարության նշան է, եւ Ղարաբաղի ժողովուրդը ինքնակառավարման հարցում առաջընթացի է հասել:

Դիտորդները հանդիպել են նախագահի, խորհրդարանի խոսնակի, ԿԸՀ նախագահի, այլ պաշտոնատարների հետ եւ, իրենց խոսքով, դրանց ընթացքում խորքային քննարկումներ են եղել ընտրական գործընթացի վերաբերյալ: Մատիչը նշել է նաեւ, թե իրենք այցելել են 47 ընտրատեղամասեր բոլոր շրջաններում եւ Ստեփանակերտում, բացի 1-ից: Խմբի անդամ Պոլ Ուիլյամսը հայտնել է, թե իրենց զեկույցը տեղադրվելու է Խմբի ինտերնետ կայքում եւ ուղարկվելու է ԼՂՀ ԿԸՀ:

Ռուս դիտորդները գոհ են Ղարաբաղի ընտրությունից, հայտարարել է ռուսական դիտորդական առաքելության ղեկավար Կոնստանտին Զատուլինը, ով ղեկավարում է ԱՊՀ երկրների ինստիտուտը: Ռուսական դիտորդների խմբում ընդգրկված են Դումայի եւ հասարակական պալատի անդամներ, փորձագետներ եւ քաղաքագետներ: Զատուլինն ասել է, թե շատերը Ղարաբաղն անվանում են չճանաչված, ինքնահռչակ պետություն: «Թերեւս հենց սա է ստիպում ղարաբաղցիներին ավելի զգույշ մոտենալ ընտրական գործընթացին, որպեսզի ներքին ցնցումների ու արտաքին քննադատության տեղիք չտան», ասել է ռուսական դիտորդական խմբի ղեկավարը:

Նա նաեւ հիշեցրել է, որ ներկայումս միջազգային հանրությանը զբաղեցնում է Կոսովոյի անկախության հարցը: «Դուք ծանոթ եք Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը: Սակայն չի բացառվում, որ Կոսովոյի անկախությունը ճանաչվի: Ու կարծես ԼՂՀ, որտեղ խաղաղ կյանքը կարգավորվում է, հնարավորություն է ստանում գրավել բոլորի ուշադրությունը», ասել է Զատուլինը: