Որքանով է լուրջ դաշնակցության սկզբունքայնությունը

ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հուլիսի 27-ին Մամուլի Ազգային ակումբում հայտարարել է. «Ուղղակի թե անուղղակի համարվում է, որ քանի որ խորհրդարանական ընտրությունները տվել են որոշակի արդյունք, այդ արդյունքը պետք է սիմետրիկ, այսպես ասած, տեղափոխվի նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Ես կարծում եմ, որ սա ճիշտ պատկերացում չէ քաղաքական գործընթացների հետ կապված եւ նաեւ Հայաստանի առկա իրավիճակի հետ կապված», ասում է Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, կա մի հանգամանք, որը նախագահական ընտրությունը կտարբերի խորհրդարանականից: Դա այն է, որ նախագահի ընտրությունն ավելի նման է համամասնականին, երբ ամբողջ հանրապետությունը մեկ ընտրատարածք է, իսկ դա նվազեցնում է ընտրական համակարգի արատավոր երեւույթների` կաշառքի եւ պարտադրանքի կիրառումը:

«Եվ սա կարծում եմ լուրջ կարող է ազդել նախագահական ընտրությունների ընթացի վրա եւ նաեւ պայմանավորել, ինչ որ առումով, նախագահական ընտրությունների անցկացման մակարդակն ավելի քաղաքական դարձնելուն: Եվ սա ամենակարեւոր խնդիրն է», ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Արմեն Ռուստամյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ Դաշնակցությունն այդ ընտրությանը մասնակցելու է սեփական թեկնածույով եւ հաշվի առնելով իր կուսակցական փորձը, Արմեն Ռուստամյանը հավաստիացրել է, որ այդ թեկնածուն լինելու է կուսակցության անդամ: Իսկ կոնկրետ անուն նա չի տալիս, ասելով, որ դա Գերագույն Ժողովի իրավասությունն է:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կրկնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի շաբաթներ առաջ արտահայտած միտքը, թե իշխանության հավասարակշռության տեսակետից ավելի ճիշտ կլինի, որ նախագահ լինի ոչ ՀՀԿ ներկայացուցիչ: «Ուժեղ իշխանության մասին պատկերացումները տարբեր են: Որովհետեւ, եթե ուժեղ մենք պատկերացնում ենք ադմինիստրատիվ ուժը, իշխանության վարչական ռեսուրսի ուժը, որ պետությունն այդպիսին պետք է լինի, որպես մամլիչ մեխանիզմ, այո, այդ իմաստով ամենուժեղը միահեծան իշխանությունն է: Բայց այդպիսի իշխանությունների ավարտն էլ մենք գիտենք, թե ինչպես է լինում», ասում է Արմեն Ռուստամյանը, նշելով, որ իշխանության ուժն արաջին հերթին պետք է հենվի ճշմարիտ հայեցակարգերի եւ հասարակության վստահության վրա: «Հայաստանին հիմա ամենաշատը դա է պակասում, այդպիսի իշխանություն է պետք», ասում է Արմեն Ռուստամյանը: Նա ընդգծում է, որ այդ իմաստով մենք հազիվ թե կշահենք, եթե թե նախագահը, թե վարչապետը եւ թե խորհրդարանի մեծամասնությունը լինի միեւնույն ուժից: