Դատախազը Ժիրայր Սե‎ֆիլյանի համար 3 տարի պահանջեց

Երկուշաբթի, հուլիսի 30-ին, Ժիրայր Սէ‎ֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի գործով դտական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Արթուր Մկրտչյանն արտասանել է իր ճառը: Ինչպես նշված է «ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, որի համակարգողն էր Ժիրայր Սեֆիլյանը, «տպավորությունն այն էր, թե մեղադրող դատախզը անպատրաստ է ներկայացել դատարան: Նա անընդհատ շփոթում էր իր հետ բերած մի քանի սեվագիր թերթերը, որոնցում ենթադրաբար շարադրված էր նրա ոչինչ չհիմնավորող ճառը»:

Հաղորդագրության հեղինակները նշում են. «Շատ ավելի անհեթեթ էր Ժիրայր Սէ‎ֆիլյանի ելույթի վերլուծությունը: Դատախազը բառացիորեն հայտարարեց հետեվյալը. «ճիշտ է, Ժիրայր Սէ‎ֆիլյանի ելույթում հրապարակային ուղղակի կոչեր չկան, բայց նրա ելույթը Վարդան Մալխասյանի ելույթի տրամաբանական շարունակությունն է»: Դատախազի այս խոսքերին դահլիճը արձագանքեց արհամարհական ծիծաղով, որովհետեւ դրանք փաստորեն արդարացնում են Ժիրայր Սէ‎ֆիլյանին 301 հոդվածի մասով»:

«Ի պաշտպանություն ազատագրված տրածքների» հասարակական նախաձեռնության ներկայացմամբ, «դատախազը արհամարհեց դատարանին ներկայացված այն ապացույցները որոնք միանշանակորեն ապացուցում էին, որ Ժիրայր Սէ‎ֆիլյանի զենքը օրինական է, ԼՂՀ ՊՆ կողմից տրված պարգեւ է եւ ունի ստացման օրինական ապրանքագիր: Նա շարունակեց վկայակոչել ԼՂՀ եւ ՀՀ ՊՆ-ներից ստացված սուտ տեղեկանքները, հիմանվորելու համար Ժիրայր Սէ‎ֆիլյանին ներկայացված մեղադրանքը 235 հոդվածի առաջին մասով:

Նույն ժամանակ նա անսպասելիորեն հայտարարեց, որ այդ զենքը հայտնաբերվել է Սե‎ֆիլյանի աշխատավայրում, ինչը փաստացի նշանակում է, որ մեղադրական կողմը խոստովանում է, որ չունի ապացույցներ այն մասին, որ Ժիրայր Սէֆիլյանը զենքը կրել է իր մոտ: Փաստորեն նրան մեղադրում են բացառապես մի քանի տասնյակ փամփուշտների համար, որոնց մեծ մասը նրա օրինական ատրճանակի փամփուշտներն են, իսկ մյուսները տարբեր տրամաչափի փամփուշտների մեկական օրինակներից բաղկացած հավաքածու: Հիշեցնենք, որ նույն քր. գործով մեկ այլ մեղադրյալի նկատմամբ նույնպիսի մեղադրանք էր առաջադրվել, բայց գործը նրա մասով կարճվել էր, այն հիմնավորմամբ, որ վերջինս մասնակցել է պատերազմին: Ստացվում է, որ Ժիրայր Սէ‎ֆիլյանը պատերազմի էլ չի մասնակցել:

Ոչինչ չհաստատող իր ճառի ավարտին դատախազը պահանջեց առավելագույն պատժաչափեր, երեքական տարի, Ժիրայր Սէ‎ֆիլյանի եւ Վահան Արոյանի համար, եւ 2 ու կես տարի` Վարդան Մալխասյանի համար: Ընդ որում Ժիրայր Սէ‎ֆիլյանի համար առաջարկվող պատիժը բաղկացած էր երկու մասից. 2.5 տարի 301 հոդվածով և 1.5 տարի 235 հոդվածի 1-ին մասով, սրանց գումարը մասնակի կլանմամբ ստացվեց 3 տարի: Վահան Արոյանի դեպքում էլ առաջարկվող պատիժը պետք է բավականին ծանր համարել, որովհետեւ նա ոչ միայն այդ զենքը վատ նպատակով չի օգտագործել, այլեւ որովհետեվ հաշվի չի առնվել որեվէ մեղմացուցիչ հանգամանք եւ այն, որ Վահան Արոյանը ուներ արագացված դատավարության իրավունք, որից չկարողացավ օգտվել միայն այն պատճառով, որ ԱԱԾ-ին, զուտ քարոզչական նպատակներով, պետք էր նրա գործը կցել Ժիրայր Սէ‎ֆիլյանի գործին», ասված է դատական նիստի մասին պատմող հաղորդագրության մեջ: