ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Կմեռնենք, բայց կվերականգնենք մեր իրավունքները»
«Պարոն Սարգսյան, դուք մեզ խաբեցիք», «Նախագահը չի մտածում իր ժողովրդի մասին, իսկ դու՞ք, պարոն վարչապետ», «Մեզ ստախոս նախագահ պետք չէ», «Պահանջում ենք պատժել մեր օջախները քանդողներին» ցուցապաստառներով բողոքի ակցիա էին դուրս եկել Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Կողբացու, Ֆիրդուսի, Աղբյուր Սերոբի փողոցների եւ Դալմայի, Նորքի այգիների բնակիչները: Նրանք հերթական ցույցին դուրս էին եկել առանց որեւիցե ակնկալիքների, թե կառավարությունից որեւիցե մեկը կընդունի եւ կլսի իրենց խնդիրները:
Ինչպես նշեց բողոքի ակցիայի կազմակերպիչներից «Սեփականության իրավունքի պաշտպանության» ՀԿ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը՝ իրենք պատրաստել են մի քանի նամակներ, որոնք փոխանցելու են ինչպես կառավարությանը, այնպես էլ ԱԺ բոլոր խմբակցություններին, կուսակցություններին, օտարերկրյա տարբեր պետությունների նախագահներին, ՀՀ-ում գործող դեսպանատներին: Երեկ արդեն երկու նամակ նրանց հաջողվել է հանձնել ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններին: Նամակներում մասնավորապես նշված են, որ «եթե կուսակցություններն իրենց նախընտրական պայքարի ծրագրերում խոստացել էին կառուցել ժողովրդավարական պետություն եւ պահպանել մարդու իրավունքները, ապա հիմա խնդրում են ընդամենը իրականացնել դրանք»:
Այսօր նրանք մի նամակ էլ հանձնեցին վարչապետին: Նամակում ցուցարարներն հատուկ ընդգծել էին ԱԺ ընտրություններից առաջ վարչապետի՝ իրենց տված խոստումը. «Ես կարող եմ մեկ-երկու հոգու հարցը լուծել, բայց որպեսզի դա չդառնա ընտրություններից առաջ շահարկման առարկա, եկեք հանդիպենք ընտրություններից հետո, եւ խոստանում եմ՝ բոլոր հարցերին տալ արդարացի եւ դրական լուծում»: Սակայն, Վաչագան Հակոբյանի վստահեցմամբ՝ վարչապետը վերջերս ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանին ասել է, որ ԶԼՄ-երը սխալ ինֆորմացիա են տվել. ինքը, ճիշտ է, հանդիպել է ցուցարարների հետ, բայց չի խոստացել, որ իրենց հարցերը կլուծի: «Բայց նա խոսք էր տվել ու դեռ հանձնարարություն էլ քաղաքապետին, որ նա լուծի մեր հարցերը: Մենք չենք էլ ուզում էլ որեւէ մեկին հանդիպել, բայց եթե հանկարծ այս 10 օրվա մեջ դրական պատասխան չտան մեզ, մենք կխնդրենք արտերկրի բոլոր նախագահներին միջամտել մեր իրավունքների պաշտպանությանը, նաեւ ապաստարան ենք խնդրելու նրանցից, նստացույցեր էլ կկազմակերպենք դեսպանատների մոտ»,- ասում է Վաչագանը Հակոբյանը:
Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «վար-չա-պետ», միաժամանակ, սակայն, իրենց նամակում հայտնում էին, որ իրենք դեռ «հեռու են այն մտքից, որ վարչապետը կարող էր խաբել ժողովրդին, եւ որ տրված խոստումը կապված էր ԱԺ ընտրությունների հետ»:
«Կմեռնենք, բայց կհասնենք մեր իրավունքների վերականգնմանը»,- ավելացրեց ցուցարարներից մեկը:
