«Ռոյալ Արմենիա»-ի գործով դատական նիստը հետաձգվեց

Վերաքննիչ դատարանը այսօր հետաձգեց «Ռոյալ Արմենիա»-ի գործով դատական նիստը` մեղադրող կողմի չներկայանալու պատճառով: Դատավոր Սուրեն Ղազարյանը դատական հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 15-ին:

Նիստի ավարտին, մինչդեռ, պարզվեց, որ մեղադրող կողմի ներկայացուցիչները կանգնած էին միջանցքում: Նրանք լրագրողներին ասացին, թե պարզապես ուշացել էին:

«Ռոյալ Արմենիա»-ի սեփականատեր Գագիկ Հակոբյանի եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանի փաստաբան Աշոտ Սարգսյանը համոզված է, որ նիստը հետաձգվել է «հատուկ պայմանավորվածության արդյունքում»:

«Թե’ մեղադրող կողմը, թե’ դատարանը մի մարմին են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փաստաբանը: - «Դատարանը շատ լավ գիտեր, որ մեղադրող կողմը այսօր պետք է ուշանա, եւ այդ պատճառաբանությամբ դատական նիստը հետաձգվի, որպեսզի Գագիկ Հակոբյանը մինչեւ հոկտեմբերի 15-ը գտնվի մեկուսարանում»:

Այսօրվա դատական նիստին մասնակցելու համար վաղ առավոտյան Իսպանիայից Հայաստան ժամանած «Ռոյալ Արմենիա»-ի սեփականատեր Գագիկ Հակոբյանը կալանավորվել էր հենց «Զվարթնոց» օդանավակայանում:

Աշոտ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր պաշտպանյալին կալանավորել են Երեւանի Շենգավիթ համայնքի ոստիկանության աշխատակիցները: Այժմ, Սարգսյանի տեղեկություններով, Գագիկ Հակոբյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Փաստաբանը, այնուամենայնիվ, այսօր առավոտյան կարճատեւ հանդիպում իր պաշտպանյալի հետ ունեցել է. - «Շատ լավ տրամադրությամբ, պատրաստված, որ իրեն պետք է ձերբակալեն, իր ամբողջ պարագաները հետը` սրբիչը, սափրվելու պարագաները, ատամի խոզանակը... Իր համար դա անակնկալ չէր»:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանը անցած ամռանը ազատ էր արձակել գրեթե երկու տարի մեկուսարանում անցկացրած Հակոբյանին եւ Ղազարյանին` դատավոր Պարգեւ Օհանյանը առաջադրված բոլոր հինգ մեղադրանքներով էլ նրանց անմեղ էր ճանաչել:

Այս որոշումը բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում: Գագիկ Հակոբյանը չէր ներկայացել դատական առաջին նիստին, իսկ երկրորդի ժամանակ `այս տարվա օգոստոսի 29-ին, Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը` որոշելով փոխել Հակոբյանի խափանման միջոցը եւ կալանել նրան` դատարան չներկայանալու պատճառաբանությամբ:

Ռուզաննա Ստեփանյան