ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենի խոսքը դեռ կարող են հաշվի առնել
ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը զարմացած չէ, որ «Ռոյալ-Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանին Իսպանիայից վերադառնալիս «Զվարթնոց» օդակայանում ձերբակալել են, թեեւ պաշտպանն առաջարկել էր` նրա նկատմամբ փոխել խափանման միջոցը:
Հիշեցնենք, որ Գագիկ Հակոբյանը, երբ Վերաքննիչ դատարանում մեկնարկել է դատական գործընթացը, Երեւանում չէր, եւ դատարանը, բավարարելով դատախազության միջնորդությունը, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը:
«Գագիկ Հակոբյանը տեղյակ էր պահել, որ պատրաստվում էր գալ: Խափանման միջոցը կարող էր փոխվել ոչ թե նամակով, այլ գալու փաստով: Այսինքն` գալու ժամանակ դեռ չէին կարող փոխել, պետք է շարունակեին նրան կալանավորել, բայց հետո գալու փաստով նիստ անեին ու վերանայեին: Ես այդ հարցով էի դիմել: Ես չէի կարող ասել` ինչ է նամակ է գրել, փոխեք»,- «Ա1+»-ին ասաց օմբուդսմենը:
Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ երեկ խոսել է «Ոոյալ-Արմենիայի» գործով դատավորի հետ` իմանալու, թե եթե Գագիկ Հակոբյանը Երեւանում է, պատրաստվո՞ւմ եք նիստ անել:
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՉԷ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը բավարարված չէ Հայաստանում իրականացվող արդարադատությունից: Ըստ նրա, Հայաստանում արդարադատությունը դեռ շատ անելիք ունի: Դատարանները կախյալ վիճակում են իշխանություններից, թե՞ ոչ` հարցին` նա հրաժարվեց ասել, միայն նշեց. «Դատարանների նկատմամբ թերահավատություն կա ժողովրդի մոտ: Քաղաքացիները չեն հավատում, որ դատարանի միջոցով կարող են հասնել արդարադատության: Իսկ դա արդարացված է»:
Ըստ ՀՀ օմբուդսմենի` մարդու իրավունքների ապահովման եւ պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը Սահմանադրական դատարանի հետ այնպիսին է, ինչպես մյուս երկրներում: «Նրանք էլ Սահմանադրական դատարան են դիմում տարվա մեջ 2-3 անգամ»,- ասաց նա:
