Արդարադատության խորհուրդը միջնորդում է դադարեցնել Պարգեւ Օհանյանի լիազորությունները

Արդարադատության խորհուրդը այսօր որոշեց դիմել հանրապետության նախագահին` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Նույնպիսի միջնորդություն ներկայացվեց նաեւ Ավան եւ Նոր-Նորք համայնքների դատարանի դատավոր Վազգեն Լալայանի առնչությամբ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման:

«Սպասում էի նման որոշման», - լրագրողների հետ զրույցում ասաց Պարգեւ Օհանյանը:

Նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ի՞նչ զգացողություն ունի. - «Համենայն դեպս` ոչ արդարության, թեեւ ինչ-որ թեթեւություն կա անբացատրելի: Այսինքն, արդարության համար հալածվելու երեւի թե դասական մի օրինակ է, որը, աստվածաշնչյան գաղափարով, թեթեւություն պետք է բերի»:

Համաձայն օրենքի, եթե Արդարադատության խորհրդի միջնորդությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում նախագահը չի դադարեցնում դատավորի լիազորությունները, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Նման դեպք, թեեւ, մինչեւ այսօր չի եղել: Պաշտոնական տվյալներով, 2000 թվականից առ այսօր դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ 11 միջնորդություն է եղել ու բոլորը բավարարվել են: Իսկ մինչեւ նախագահի որոշումը դատավորները շարունակում են իրականացնել իրենց լիազորությունները:

Պարգեւ Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթը Արդարադատության խորհրդում հարուցվել էր սեպտեմբերի 4-ին:

Դատավորը չի բացառում, որ այն կապված է հուլիսի 16-ին «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ իր կայացրած արդարացման վճռի հետ:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե, իր տպավորությամբ, «Հայաստանում դատավորների անկախությունը իրապես պաշտպանված չէ». - «Անգամ դատաիրավական բարեփոխումներից հետո, երբ դատախազության լիազորությունները սահմանափակված են, տպավորություն է ստեղծվում, որ դատավորներն աշխատում են կայացնել այնպիսի որոշում, որ, իրենց կարծիքով, կցանկանար դատախազը»:

Թոմաս Համարբերգը չի հանդիպել «Ռոյալ Արմենիա» ընկերության գործով արդարացման դատավճիռ կայացրած դատավորի հետ: Պարգեւ Օհանյանը, այդուամենայնիվ, «հաճելիորեն զարմացած է» Եվրախորհրդի հանձնակատարի «կարճ ժամկետում այդքան դիտողականության, ճիշտ կողմնորոշվելու» կապակցությամբ:

«Պետք է ցավով արձանագրենք, որ ճիշտն է նկատել», - ասաց Օհանյանը:

Կարինե Քալանթարյան