ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 23-ի քայլերթի մասնակիցներից 5-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
Այսօր առավոտյան Կենտրոն եւ Նորք-Մարաշի ոստիկանության քննչական խումբը մեղադրանք է առաջադրել հոկտեմբերի 23-ի խաղաղ քայլերթի մասնակիցներից 5-ի նկատմամբ, ովքեր մինչ օրս կասկածյալի կարգավիճակում էին` «Այլընտրանք» նախաձեռնության խորհրդի անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, նախաձեռնության անդամներ Պետրոս Մակեյանի ու նրա երկու որդիների, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանի:
Շողեր Մաթեւոսյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքը առաջադրվել է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար: Նշված հոդվածով նախատեսված նվազագույն պատիժը տուգանքն է, առավելագույնը` 5 տարվա ազատազրկումը:
Բոլոր 5-ի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը:
Կարինե Քալանթարյան
