Նոյեմբերին էականորեն մեծացել է հեռարձակվող ԶԼՄ-ների ուշադրությունը նախագահի երկու հավանական թեկնածուների նկատմամբ

Նոյեմբերին էականորեն մեծացել է հեռարձակվող ԶԼՄ-ների ուշադրությունը նախագահի երկու հավանական թեկնածուների` վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Սա է ցույց տվել ՀՀ 2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանի հեռարձակվող 7 հեռուստաալիքների եւ 1 ռադիոալիքի դիտարկման արդյունքները:

Դիտարկումն իրականացնում է «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը` Երեւանի մամուլի ակումբի եւ Բաց հասարկության ինստիտուտի օժանդակությամբ:

Ըստ դիտարկման, հոկտեմբերի համեմատ նոյեմբերին համարյա երկու անգամ ավելի ինտենսիվ է լուսաբանվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը:

«Եթե հաշվի առնենք, որ Ծառուկյանին տրամադրված գողազդային ժամանակը, ապա նոյեմբերին նա գերազանցել է նույնիսկ Տեր-Պետրոսյանին: Թեպետ ԲՀԿ առաջնորդի առավելությունն ապահովվել է երեք հետուստաալիքների` «Կենտրոնի», «ԱԼՄ»-ի եւ «Հ2»-ի հաշվին»,- ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա նշում է, որ. «Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, որպես կանոն, հիշատակվում են դրական կամ չեզոք համատեքստում, այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը` բացասական: Հեռուստաալիքների կողմից, ՀՀ առաջին նախագահի բացասական լուսաբանումը նոլեմբերին առավել ընդգծված բնույթ է ստացել»:

Մոնիտորինգ իրականացնողները մտահոգություն են հայտնում, որ այսօր հայկական եթերում աննախադեպ երեւույթի ականատեսն են. «Հայրենական քաղաքական գործիչներից մեկի նույնիսկ չեզոք լուսաբանումները քանակական առումով զիջում են բացասականներին: Նման վերաբերմունքի աննախադեպությունն առաջին հերթին այն է, որ դա երեւան է գալիս նախընտրական պայքարի այսքան վաղ փուլում»:

Ամենամեծ մտահոգությունը առաջացրել է այն հանգամանքը, որ «Հ1»-ին եւ Հանրային ռադիոն էլ են նույն կերպ վարվում:

Հանրային ռադիոյի նոյեմբերյան եթերում Լեւոն Տեր-Պետրոսյանի 105 հիշատակումներից 82-ը բացասական է եղել եւ ոչ մի դրական, իսկ Սերժ Սարգսյանի 110 հիշատակումներից 21-ը դրական են եղել եւ ոչ մի բացասական: Ըստ մոնիտորինգի` բացառություն է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի դրական եւ բացասական հիշատակումների հարաբերակցությունը առավել հավասարակշռված են եղել եւ երկուսի դեպքում էլ չեզոք հիշատակումները մեծամասնություն են կազմում:

Քաղաքական գործիչներն անհասանելի են

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի պնդմամբ` կան քաղաքական գործիչներ, որոնք խուսափում են տեղական լրագրողներին հարցազրույցներ տալ: Եւ ընդհակառակը` ամեն ինչ անում են, որպեսզի հայտնվեն արտասահմանյան լրագրերի էջերում: Օրինակ, վարչապետ Սերժ Սարգսյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի հարցազրույցներ է տվել օտարազգի լրագրողներին: Իսկ տեղական լրագրողների համար Սերժ Սարգսյանը դժվար հասանելի է: «Կան պատրաստված իրավիճակներ, հարցեր, նա խոսում է, իսկ այլ հարցազրույցի, երբ չգիտի ինչ հարցեր է լինելու, խուսափում է»,- նկատում է Բորիս Նավասարդյանը: Հարցազրույցներից հրաժարվում է նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Խուսափում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը, թերեւս նրանից է, ըստ ԵՄԱ-ի նախագահի, որ կուսակցությունը դեռ չի որոշել ում պաշտպանել:

«Կան գործիչներ, որոնց հետ տեխնիկապես դժվար է պայմանավորվել, ասենք` ինչ ֆորմատով պետք է լինի, այդպիսին է Արտաշես Գեղամյանը, որը կարծես թե չի խուսափում լրագրողների հետ հանդիպել, մինչդեռ ֆորմատը առաջարկում ես, եթե սահմանափակվում է իր խոսելու հնարավորությունները, խուսափում է: Արթուր Բաղդասարյանի համար չես կարող ասել, թե խուսափում է, մինչդեռ նրա հետ պայմանավորվելու հնարավորությունները սահմափակ են»,-ասաց նա: