ԿԸՀ-ն հրավիրելու է միայն կարճաժամկետ դիտորդների

ԿԸՀ-ն հրավիրելու է միայն կարճաժամկետ դիտորդների, ինչը չի ենթադրում, որ նախագահական ընտրություններում չեն լինելու միջազգային երկարաժամկետ դիտորդական առաքելություններ

ԿԸՀ-ն հրավիրելու է միայն կարճաժամկետ դիտորդների, ինչը չի ենթադրում, որ նախագահական ընտրություններում չեն լինելու միջազգային երկարաժամկետ դիտորդական առաքելություններ: Այդ մասին ասվում է ԿԸՀ կողմից այսօր տարածված հայտարարությունում:

ԱրմԻնֆո գործակալություն ստացված հայտարարության տեքստում ասվում է. ՙՄի շարք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, մեկնաբանելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Աբրամ Բախչագուլյանի` ս/թ դեկտեմբերի 7-ին ՙՏեսակետ՚ ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտած մտքերը, լրատվություն են տարածել, որ ԿԸՀ քարտուղարը իբր հայտարարել է, թե ՙ2008 թ-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին երկարաժամկետ օտարերկրյա դիտորդական առաքելություններ չեն հետևելու՚:

Այս կապակցությամբ տեղեկացվում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի ասածը կամայական վերլուծության է ենթարկվել: ՀՀ ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն միջազգային դիտորդական առաքելություն հրավիրելու իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ կառավարությունը և կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Աբրամ Բախչագուլյանի ասածը վերաբերել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից միջազգային դիտորդական առաքելություն հրավիրելուն: ԿԸՀ-ն, այո’, հրավիրելու է միայն կարճաժամկետ դիտորդների, ինչը չի ենթադրում, որ նախագահական ընտրություններում չեն լինելու միջազգային երկարաժամկետ դիտորդական առաքելություններ՚.