ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լավ ընտրությունը՝ եվրաինտեգրման խթան
Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: ՀՀ արտգործնախարարության տարածած տեղեկության համաձայն, հանդիպմանը Սեմնեբին ներկայացրել է իր գնահատականները Վրաստանում հետընտրական իրադարձությունների վերաբերյալ` նշելով, որ Եվրոպական Միությունը հայտարարությամբ արտահայտեց իր դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ եւ շարունակում է հետեւել ընթացող զարգացումներին, տեղեկացնում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից: Զրուցակիցները կարեւորել են Վրաստանում կայունության պահպանումը` որպես երաշխիք երկրի զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային ծրագրերի շարունակականության համար:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի նախագահական ընտրություններին: Ընդգծվել է, որ ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը միանշանակորեն կնպաստի ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը:
Զրույցի ընթացքում տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների շուրջ, քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ԵՄ ներգրավման եղանակները, տարածաշրջանային այլ խնդիրներ:
