ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ անկախացել է ինքնուրույն
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման համար շատ ավելի իրավական հիմքեր կան, քան Կոսովոյի անկախության ճանաչման, Հունվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը։
«1991 թվականին Լեռնային Ղարաբաղը, մինչև ԽՍՀՄ վերջնական փլուզումը, օրինական հիմքերով Ադրբեջանից ավելի շուտ հայտարարեց իր անկախության մասին»,- ասել է Քոչարյանը։ Նրա խոսքով, Ղարաբաղը, ի տարբերություն Կոսովոյի, անկախության համար ինքնուրույն է պայքարել՝ առանց խոշոր պետությունների աջակցության.«Այսօր Ղարաբաղը շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը և, հակառակը, Սերբիայում ժողովրդավարությունը շատ ավելի զարգացած է, քան Կոսովոյում։ Այսպիսով, պարադոքս է ստացվում՝ միջազգային հանրությունը ցանկանում է ավելի ազատ երկիրը հանձնել դիկտատորական պետության իշխանությանը»։
Չնայած պետությունների մի շարք հակասություններին, Կոսովոյի շուրջ միջազգային գործընթացները տանում են դեպի նոր պետության անկախության ճանաչմանը, իսկ ԼՂՀ-ի դեպքում՝ հակառակը. «Ղարաբաղն, արդեն բոլոր առումներով, կայացած պետություն է՝ ԱՊՀ տարածության վրա գործող ամենաժողովրդավարական Սահմանադրությամբ, այս երկրում տեղի են ունեցել մի շարք ազատ ընտրություններ, որոնք ստացել են միջազգային դիտորդների բարձր գնահատականները»։
