ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կիրո Մանոյանը Եվրոպայի թուրքացման վտանգ է տեսնում
Հայ-թուրքական հարաբերությունները կարող են զարգանալ ընդլայնված սևծովյան տարածաշրջանի շրջանակներում։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը Երևանում ընթացող «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան։ Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» գիտաժողովի ժամանակ։ «Ինձ թվում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) շրջանակներում կարելի է ստեղծել ասպարեզ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև լայն երկխոսության համար» - ասել է Սաֆրաստյանը։
Նրա խոսքերով, փորձը ցույց է տալիս, որ ՍՏՀԿ-ի շրջանակներում հայ և թուրք դիվանագետների միջև համագործակցությունը ընթանում է աշխատանքային նորմալ մթնոլորտում. «Ես Թուրքիայի կողմից նման կազմակերպության ստեղծման մասին և նրա կողմից Հայաստանին հրավիրելու մասին նախաձեռնությունը դրական փաստ եմ համարում հայ-թուրքական հարաբերություններում։ Նաև դրական եմ համարում համագործակցության ֆորումի ստեղծման մասին Ռումինիայի նախագահի առաջարկությունը»:
Նրա կարծիքով, ֆորումի հիման վրա կարող է ընթանալ լայն երկխոսություն, որը հայ-թուրքական հարաբերությունները կբարձրացնի երկկողմ մակարդակից տարածաշրջանային մակարդակի վրա. «Այս ֆորումը կարելի է օգտագործել որպես նախապատրաստական փուլ։ Նրանում պետք է մասնակցեն գիտնականներ, ոչ պաշտոնական անձինք և բնակչության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ։ Իսկ այսօր գոյություն ունի նաև նյութական հիմք, քանի որ ստեղծվել է բավականին խոշոր հիմնադրամ՝ ֆորումի աշխատանքների ֆինանսավորման համար»։
Նույն գիտաժողովի ժամանակ ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարել է, որ Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայում եվրոինտեգրման գործընթացի ժամանակ տեղի կունենան արմատական փոփոխություններ. «Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ում բավարար չէ, որպեսզի այդ երկրում ապահովվի քաղաքացիների ազատությունը և պահպանվեն ազգային փոքրամասնությունների իրավունքները։ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը նույնպես ազդեցություն չի ունեցել Թուրքիայի վրա։ Մնում է հուսալ, որ անհրաժեշտ բոլոր փոփոխություններն այնտեղ տեղի կունենան եվրոինտեգրման գործընթացի ժամանակ»։ Միաժամանակ նա մտավախություն է հայտնել, որ կարող է սկսվել հակառակ գործընթացը, երբ Թուրքիան վերածվի Եվրոպայի վրա ազդեցիկ գործոնի. «ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն առնչվող բանակցությունները սկսել են, չնայած այն բանի, որ Թուրքիան մերժել է ընդունել ակումբի մասնակիցներից մեկին՝ Կիպրոսին։ Ենթադրում եմ, որ եթե դու ուզում ես որևէ ակումբի անդամ դառնալ, ապա պետք է ընդունես նրա բոլոր անդամներին։ Եվրոպայի կողմից նման զիջումները կարող են բերել ոչ թե Թուրքիայի եվրոպացմանն, այլ Եվրոպայի «թուրքացմանը»։
