ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հաշտեցման կոչ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնից
«Առավոտը» գրել էր, թե Սերժ Սարգսյանը մտադիր է իրենով անել «Արմենիայի» Արտեմ Սարգսյանի գերդաստանին պատկանող մասը՝ հեռուստաընկերության 75 տոկոսը։ Սրան ի պատասխան «Արմենիան» իր եթերում «հատուկ ռեպորտաժներով» եւ լուրերի «Հատուկ թողարկումներով» եւ վիրավորական ձեւակերպումներով խոսել «Առավոտի» մասին։ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը անդրադարձել է «Առավոտ» օրաթերթի եւ «Արմենիա» հեռուստաընկերության միջեւ այս զարգացումներին։
ԶԼՄ–ների Էթիկայի դիտորդ մարմինը հայտարարել է.
«2008 թվականի հունվարի 11-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվեց «Գաֆէսճեանների ու Սարգսյանների «Միությունը» չհաջողվե՞ց» հոդվածը (հեղինակ` Գայանե Սարգսյան), որին հետեւեց «Արմենիա» հեռուստաընկերության եւ նրա համասեփականտեր Բագրատ Սարգսյանի արձագանքը: Վերջինս նաեւ հայտնեց ընդդեմ ՚Առավոտիՙ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին:
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը մտահոգված է երկու լրատվամիջոցների (որոնցից մեկը` «Առավոտ» օրաթերթը ինքնակարգավորման գործընթացի մասնակից է) միջեւ կոնֆլիկտով: Նկատի ունենալով, որ խնդիրը դատական ատյաններ տեղափոխելը կարող է մեծ վնաս հասցնել լրատվամիջոցների հեղինակությանը, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը կոչ է անում «Արմենիա» հեռուստաընկերությանը` ձեռնպահ մնալ դրանից եւ թնջուկը լուծել բանակցությունների միջոցով, իսկ «Առավոտ» օրաթերթին` պատրաստակամ լինել գնալու նման բանակցություների: ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է դառնալ հակասություններն արտադատական կարգով հարթելու միջնորդը»:
