ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Երեւանի Դալմայի այգիներ կոչվող տարածքի հողօգտագործողները հունվարի 16-ին բաց նամակ hղել Հայաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նամակում ասվում է.
«Մեր խնդիրն այնքան լուսաբանված չէ, որքան իրացման տարածքի մյուս գոտիներինը, այդ պատճառով շատերը իրազեկ չեն, թե իրականում որն է մեր խնդիրը: Այդ բացը լրացնելու նապատակով ներկայացնում ենք հարցի համառոտ նախապատմությունը: Այսպես, 1991թ. Շահումյանի շրջգործկոմը, ելնելով ՀՀ Նախարարների խորհրդի 1991թ. հ. 283, հ.397, հ.398 եւ 1994թ. հ.108 որոշումներից, մեզ հետ կնքել է մեր երկրի` ՀՀ զինանշանը կրող կնիքով վավերացված վարձակալական պայմանագրեր` Դալմայի այգիներից տրամադրելով հողատարածքներ: 17 տարի մենք բացահայտ եւ բարեխիղճ մշակել ենք այդ հողամասերը` կատարելով հողի եւ ջրի բոլոր պետական վճարումները` դրանք դարձնելով բերրի այգիներ: Սակայն ավելի քան 15 տարի անց մեզ հետ կնքված պայմանագրերը պաշտոնյաների կողմից հայտարարվեցին անօրինական, առ ոչինչ: Նույն պատճառաբանությամբ Անշարժ գույքի կադաստրի Շենգավիթի ստորաբաժանումը 2004թ. մեր ներկայացրած պայմանագրերին պետական գրանցում չտվեց: Որոշ հողօգտագործողներ դեռեւս 2003թ.-ից դիմել են քաղաքապետարան` իրենց մշակած հողամասերի սեփականացման, գնման խնդրով` համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 48/3 հոդվածով ամրագրված գնման նախապատվության իրավունքի, սակայն մերժվել են, իսկ դատական վարույթում կան գործեր, որոնց վճիռները դեռ չեն կայացվել, պայմանագրերի ժամկետները դեռ չեն լրացել, ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք է դրված հողակտորների վրա, սակայն հողերը վաճառվել են` խախտելով Հողային օրենսգրքի 62/12 հոդվածը:
Այսպես բացահայտ օրինախախտումներով են ընթացել եւ շարունակում են ընթանալ այս հողազավթումները, ուստի, պարոն վարչապետ, մենք դիմել էինք Ձեզ` ապօրինի ճանաչելու, այսպես կոչված, «աճուրդները» եւ չեղյալ հայտարարելու բոլոր հողահատկացումները: Մենք բազմաթիվ անգամներ դիմել ենք Ձեզ` մեր ոտնահարված իրավունքների վերականգմանն աջակցելու խնդրով: Մեր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` 2007թ. ապրիլի 13-ին, Դուք խոստացել էիք զբաղվել այս խնդրով: Նաեւ խոստացել էիք կրկին հանդիպել մեր ներկայացուցիչների հետ, սակայն Ձեզ ուղղված մեր ոչ մի դիմումի պատասխանը մենք չստացանք: Ավելին, Ձեզ հասցեագրված մեր բոլոր դիմումները վերահասցեագրվում էին Երեւանի քաղաքապետարան, եւ, փաստորեն, մեր խնդիրը Ձեզ ներկայացնելու միակ միջոցը մնաց մամուլը, ինչից էլ մենք ստիպված որոշեցինք օգտվել: Մենք արդեն հակված ենք կարծել, որ Ձեզ չի ներկայացվում իրական տեղեկատվություն` մեր խնդրի վերաբերյալ:
Կրկին դիմում ենք Ձեզ. Կառուցապատման միջոցով չոչնչացնել հազարամյակների պատմություն ունեցող Դալմայի այգին, որը պատմամշակութային արժեք է, մի՞թե ավելի հեշտ չէ արդեն եղած այգին պահպանել, քան հետո քաղաքում կանաչապատման ինչ-ինչ ծրագրեր իրականացնել: Սակայն եթե, այնուամենայնիվ, քաղաքաշինական այդ ծրագիրը իրականացվելու է, եթե Երեւանը պետք է ընդարձակվի իր իսկ թթվածնի հաշվին, եթե ծայրաստիճան անհրաժեշտ է հատել Դալմայի այգին, ապա մի ոտնահարեք այդ այգին անապատացումից զերծ պահած մարդկանց սահմանադրական իրավունքները, ճանաչեք 17 տարի մեր կողմից օգտագործվող հողերի նկատմամբ սեփականության մեր իրավունքը` համաձայն ՀՀ օրենսդրության (ՀՀ Հողային օրենսգիրք, 72/1, 72/2 հոդվածներ): Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր վարձակալած հողակտորները վաճառված են եւ գործընթացն անդառնալի է, ապա դեմ-հանդիման մի թողեք հողօգտագործողին եւ գնորդին, հարցին տվեք պետական մոտեցում: Նախ` անհապաղ կասեցրեք շինարարությունները, այնուհետեւ պետական համակարգված կերպով, օրենսդրության տառին համապատասխան, լուծեք փոխհատուցման խնդիրը` տեղում անհատույց սեփականության իրավունքով հողահատկացման կամ համարժեք դրամական փոխհատուցման տեսքով»:
